aysor.am – ԱԺ-ում, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ընթացքում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից հետաքրքրվեց Սիրիայից, Իրաքից եկած հայրենակիցներից:
«Հետաքրքիր է, գալիս են Հայաստան, որքա՞նն են մնում, որքա՞նն են ՀՀ-ից հիասթափվում ու գնում: Կամ էլ ուղղակի տեղը չեն գտնում, գնում են»,- հարցրեց նա, ինչին ի պատասխան նախարարն արձագանքեց, որ ընդհանուր առմամբ այս չորս տարիների ընթացքում Հայաստան են ժամանել միայն Սիրիայից 20 000 մարդ, որից 16 հազարը մնացել է, իսկ 4-5 հազարը միշտ էլ շարժման մեջ են եղել:
«Ունենք մարդկանց խումբ, որոնք Սիրիայում են, Լիաբանում են, հետո՝ Հայաստանում. շարժվող խումբ է»,-ասաց Հ. Հակոբյանը:
Նախարարի խոսքով՝ Հայաստանից հեռանալու համար մի քանի պատճառներ կան: «Առաջինը սկզբնական շրջանում հավատացած էին, որ շուտով հետ են վերադառնալու: Սակայն մեկ, երկու տարի թեթև անցկացնելով ՀՀ-ում, հետագա վերջին երկու տարիները ստիպեցին նրանց հասկանալ, որ արդեն պետք է ինտեգրվեն և խնդիրները ՀՀ-ում կարգավորեն»,-ասաց նա՝ հավելելով, որ այստեղ մշակութային մոտեցումների տարբերություններ կան, և ժամանակ է պետք, որ նրանք յուրացնեն: Հիմնական ու կարևորագույն խնդիրներից են աշխատանքն ու բնակարանային վարձը:
Հ. Հակոբյանը նշեց, որ Սփյուռքի նախարարությունը ՓՄՁ կենտրոնի հետ միասին 200-ից 300-ի հասնող խմբերում ներկայացրել են ՀՀ օրենսդրությունը և պետական միջոցներից 1,5 մլն դոլար վարկ է տրամադրվել 4% տոկոսադրույքով: «Ծրագրերի մեծ մասը իրականություն է դարձել, և սպասարկման ոլորտում տեսնում ենք սիրիահայերի մեծ ակտիվություն»,-հավելեց նա: