tert.am – Առաջին խնդրին, որ սիրիահայերը բախվում են Հայաստան գալուն պես կեցության հարցն է, որից հետո աշխատանքը: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հալեպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ Պերճ Քիրազեանը՝ նշելով, որ բացի վերոնշյալ խնդիրներից սիրիահայերն ունեն նաև ադապտացվելու խնդիր:

«Մարդիկ չեն եկել մեծ գումարներով, որ կարողանան միանգամից բնակության հարց լուծել: Նրանք չեն վաճառել իրենց բնակարանները կամ բիզնեսը, որ կարողանան իրենց գործն սկսել այստեղ: Մեծամասնությունն առանց մեծ միջոցների հարկադրաբար է եկել: Իհարկե, բնակարանի խդիրն ամբողջ աշխարհում ամենակարևոր խնդիրն է, չնայած, ընդհանուր առմամբ աջակցություն տրվում է պետության և տարբեր ՀԿ-ների կողմից, բայց բոլորին հասցնել ու բոլորին գոհ թողնել հնարավոր չէ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է երկրորդ խնդրին՝ աշխատանքին, Պերճ Քիրազեանը նշեց, որ սիրիահայերը հիմնականում զբաղվել են արհեստով՝ ոսկերչություն, մեքենաների վերանորոգում, խոհարարություն և այլն: Եվ ովքեր կարողացել են իրենց արհեստին համապատասխան աշխատանք գտնել, աշխատում են ու հաջողություն ունեն, իսկ ովքեր՝ ոչ, անում են ցանկացած աշխատանք:

«Ուսման հարցը դյուրին է, որովհետև հատուկ դպրոցներ կամ դասարաններ բացվեցին, դասախոսներ ընդունվեցին, որոնք օգնում են երեխաներին ավելի արագ ադապտացվել:
Վարձավճարների հարցում ևս աջակցություն կա, բոլորը շարունակում են իրենց ուսումը, իհարկե, համակարգին ծանոթանալու խնդիր կա, բայց դրանք արագ հաղթահարելի են»,-ասաց նա:

Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանն էլ տեղեկացրեց, որ վերջին երեք տարիներին Սիրիայից Հայաստան են տեղափոխվել ավելի քան 21 հազ. քաղաքացիներ, որոնցից ավելի քան 16 հազ.-ը ներկայումս բնակվում է Հայաստանում:

«Այս տարիների ընթացքում 4000 հայեր հետ են վերադարձել Սիրիա, նրանց մեծ մասը Հայաստան էր ժամանել 2012թ-ի ամռանն ու աշնանը, երբ պատերազմը նոր էր սկսվել ու իրենք սպասում էին, թե ինչ է լինելու: Իսկ ավելի քան 1000 սիրիահայեր էլ Հայաստանից մեկնել են այլ երկրներ»,-ասաց նա:

Սիրիայից Հայաստան ժամանած քրիստոնյա արաբների ու ասորիների թիվն էլ, ըստ պետական պաշտոնյանի, չի գերազանցում 100-ը: Նրանք հիմնականում հայկական ընտանիքի կամ հայրն են կամ մայրը և նրանց նկատմամբ պետության վերաբերմունքը չի տարանջատվում մյուս սիրիահայերից:

Ֆիրդուս Զաքարյանը նշեց, որ Հայաստանում գտնվող սիրիահայերի հիմնական մասը՝ 97-98%-ը բնակվում են Երևանում, ընդ որում, մեծ մասը կենտրոնի հատվածներում: «Մենք բազմաթիվ փորձեր ենք արել նրանց Երևանի կենտրոնից մի փոքր հեռու տեղափոխելու, բայց իրենք չեն ցանկանում ու ուզում են բնակվել միմիայն Երևանում»,–ասաց նա:

Ինչ վերաբերում է կեցության խնդիրներին, ապա Ֆիրդուս Զաքարյանը նշեց, որ նախարարությունը նախաձեռնել է, որպեսզի տրվեն կարիքավոր ընտանիքների բնակվարձերը՝ մի շարք ՀԿ-ների աջակցությամբ:

«2012թ-ին Հայաստան տեղափոխվածների կեցության խնդիրները լուծում էր Միգրացիոն պետական ծառայությունը, բացի այդ մենք ունեինք բարերարներ, որոնք պատրաստակամ էին իրենց բնակարաններում հյուրընկալել սիրիահայերին: Մնացածը իրենք են եկել ու բնակարան վարձել: Ինչ վերաբերում նոր եկողներին, ապա դարձյալ տարբեր ՀԿ-ներ այս հարցում աջակցում են ու անընդհատ փոփոխվում են ընտանիքները: Ամեն ամիս 600 ընտանիք տարբեր կառույցների միջոցով օգտվում է բնակվարձերի հնարավորությունից: Օգնում են այնքան ժամանակ, մինչև ընտանիքի անդամները ձեռք են բերում աշխատանք և կարողանում են ինքնուրույն հոգալ իրենց ընտանիքի հոգսերը»,-ասաց նա:

Կան նաև այնպիսի սիրիահայեր, որոնք ապրում են տարբեր մարդկանց կողմից գնված, սակայն չբնակեցված բնակարաններում, մինչև որ կարողանան գնել սեփականը:

Հարցին, թե, ընդհանուր առմամբ, ինչ աջակցություն է տրվում սիրիահայերին ՀՀ կառավարության կողմից, Ֆիրդուս Զաքարյանը նշեց, որ գործադիրը ոչ թե անմիջական գումար է փոխանցում, այլ ֆինանսավորում է մի շարք ծառայություններ:

«Մասնավորապես, բոլոր սիրիահայերի առողջապահական սպասարկումը անվճար է տեղի ունենում և երեք տարիների ընթացքում 3000 սիրիահայ է դիմել և անվճար ստացել բուժօգնություն, իսկ առավել թանկ վիրահատությունները մասնակի են ֆինանսավորվել:
Ուսանողների վարձավճարի 75%-ը փոխհատուցում է, մեքենայով Հայաստան եկածների մաքսավճար չեն մուծում, շատ արագ տրվում է հայկական վարորդական իրավունք և այլն»,-ասաց Ֆիրդուս Զարգարյանն ընդգծելով, որ շատ այլ օգնությունների մասին չեն էլ բարձրաձայնում: