tert.am – Չնայած ռուսական օդուժի կողմից ռմբակոծվող Լաթաքիայից պատմական Քեսաբը գտնվում է 60 կմ հեռավորության վրա, գյուղաքաղաքում բնականոն կյանք է, գործում են բոլոր հանրային և հասարակական նշանակության մարմինները, իսկ բնակիչներն անհամբեր սպասում են Սիրիայի ազատագրմանը «Իսլամական պետությունից»:

Tert.am-ի հետ զրույցում Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը քեսաբցիների ու շրջանում տիրող տրամադրությունների վերաբերյալ հարցին ի պատասխան`նշեց, որ ժողովուրդը համակրանքով է վերաբերում ռուսական կոալիցիոն ուժերին ու արդարացնում են նրանց գործողությունները:

«Լավ է, շատ լավ է, հիմա օրական 10-15 գյուղ կազատագրեն ծայրահեղականներից, որ մարդու միս կուտեն, կջարդեն, կփշրեն: Եվ հայերը, ամենը օրինավոր զորքի հետ են»,- ասաց Քեսաբի քաղաքապետը` նշելով, որ ազատագրված գյուղերի թվում կա նաև մեկ հայկական գյուղ՝ Ղնեմիեն:

Ընդհանուր Սիրիայում ևս, ըստ Վազգեն Չափարյանի, հայ համայնքի համակրանքը ռուսական կոալիցիայի կողմն է:

Ինչ վերաբերում է Քեսաբում հայերի տրամադրություններին, ասաց. «Լավ է, լավ է Քեսաբը, ռմբահարություններից շատ հեռու, մեզ մոտ բան մը չկա: Օրինավոր զորքը 20 կմ հեռավորության վրա է, մեր մեջտեղում»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Սիրիայի սահմանին` Կասիոս լեռան լանջին գտնվող Քեսաբ գյուղաքաղաքը « Ալ Քաիդա» խմբավորման կողմից գրավվելուց հետո կարճ ժամանակ անց ազատագրվեց սիրիական կառավարական զորքերի կողմից` 2014-ին: Սակայն ավանի հայ բնակչությունը որոշ ժամանակ չէր շտապում վերադառնալ` չունենալով 100 տոկոսանոց անվտանգության երաշխիքներ: Մանավանդ , որ ենթակառուցվածքները լիարժեք չէին գործում` հոսանքն անջատված էր, հեռախոսակապը` նույնպես: Իսկ եկեղեցիները ու մշակութային կենտրոններն ամբողջությամբ թալանված ու այրված էին:

Քեսաբի եկեղեցիներից այս պահին միայն մեկն է հնարավոր վերանորոգել, ինչն էլ համայնքը, ըստ քաղաքապետի, պատրաստվում է անել:

Քեսաբի քաղաքապետն ասաց, որ ավանի բնակչության 90%-ը , մեկ տարի և ավել ժամանակ անց վերադարձել է ու ավելացրեց. «Ամեն մարդ իր տունը նորոգած է և մեջը` կեցած: Ու երբ Սիրիան ազատագրվի, ամեն տեղից էլ, ամեն մարդ տուն պետք է վերադառնա: Ու որքան էլ Եվրոպա գացած լինեն, պիտի հետ վերադառնան»:

Վազգեն Չափարյանը տեղյակ է, որ Եվրոպա քաղաքական ապաստան խնդրողների մեջ կան նաև հայեր, թեպետ, ասաց, որ հիմնական մասը գալիս է Հայաստան: Բայց սա վերաբերում է ընդհանուր Սիրիայի հայ համայնքին, կոնկրետ Քեսաբում այս պահին բնակվում է նույնքան բնակչություն, որքան նախկինում`«շուրջ 1700 հայ և 500 աշակերտ»:

Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանն էլ, ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերում Սիրիայում մնացած հայերին, որ չեն լքել երկիրը, ասաց, որ չեն կարող չողջունել ցանկացած գործողություն, որը Սիրիայում կարող է վերադարձնել բնականոն կյանքը: Հետո ավելացրեց. «Այն, ինչ որ տվյալ խմբավորումներու դեմ է, բնականաբար, օգտակար է»: