tert.am – Արդեն մի քանի օր է՝ Սիրիայում կռվող զինյալ խմբավորումները տասնյակ հրթիռներ են արձակում Հալեպի Ազիզիե, Նոր Գյուղ, Ժապրիե, Սուլեյման ալ Հալապի հայաշատ բնակավայրերի ուղղությամբ, հաղորդում է Բերիո լուրերի ֆեյսբուքյան էջը։
Տեղի ունեցած ռմբակոծությունների պատճառով զոհվել ու վիրավորվել են բազմաթիվ մարդիկ։ Վիրավորների թվում նաև հայեր կան։
Սեպտեմբերի 20-ին Հալեպի Ազիզիե շրջանում ՀՄԸՄ պարտեզում պայթած ռումբի պատճառով փլվել է շենք, հրկիզվել են մի քանի ավտոմեքենաներ։ Գրանցվել են նյութական մեծ վնասներ։
Սեպտեմբերի 21-ին Նոր Գյուղի և Ժապրիեի շրջանը հրթիռների թատերաբեմ է դարձել։ Տասնյակ հրթիռներ, հրասանդեր ու գազի բալոնով պատրաստված ինքնաշեն պայթուցիկներ են արձակվել բնակելի թաղամասերի վրա։ Հայկական ծերանոցին կից գտնվող շենքի տանիքն է վնասվել, այլ փողոցներում ևս պայթյուններ են գրանցվել։
Թեև ծերանոցի շենքը չի վնասվել, սակայն այնտեղ պատսպարվածները սարսափահար են եղել։
Սիրիական բանակն իր հերթին ռազմական գործողություններ է իրականացրել զինյալ խմբավորումների վերահսկողության տակ գտնվող շրջաններում՝ կասեցնելով նրանց փորձը՝ անցնելու դեպի կառավարամետ շրջաններ։
Արձակված հրթիռների պայթյունների հետևանքով վիրավորվել է ավելի քան 5 հայ։
Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը հաղորդում է Նոր Գյուղ հայաշատ թաղամասի ռմբակոծության մասին, որի հետևանքով վիրավորվել են 4 հայեր։
Թաղամասի հրթիռակոծության հետևանքով քանդվել են շենքեր, գրանցվել են զոհեր ու վիրավորներ։ Ընդհանուր առմամբ՝ զոհվել է 9 մարդ։
Հայտնի են վիրավոր հայերի անունները. Կարո Աշճյան, Եղիա Փիլավճյան, Ժաքլին Ասսեյան, Ներսես Թաթոյան։
Վիրավորների վիճակը մտահոգիչ չէ։