ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մայիսի 31-ի պատարագից հետո Բերիո թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանը և մի խումբ հոգևորականներ ուղղվել են եկեղեցու մոտ գտնվող աղքատներին խնամելու նորոգված բնակարան՝ կատարելու բացման արարողությունը:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից: Բացման արարողությունից հետո տեղի է ունեցել նորակերտ շինության օրհնության աղոթք: Առաջնորդ Սրբազանն իր գնահատանքի խոսքն է ասել՝ շեշտելով բարերարության ու բարեգործության վսեմ գաղափարները՝ նշելով, որ այսուհետ աղքատներին խնամող անդամներն առավել եռանդով պետք է շարունակեն ծառայել Աստծուն, եկեղեցուն ու ազգին: Նա նաև ավելացրել է, որ այս բարեգործությունը միայն նվիրատվություն չէ, այլ ցուցանիշ է եկեղեցու հետ կապվածության և մանավանդ ներկա տագնապում մեր հայ ժողովրդի վերաշխուժացման ու վերականգնման:
Սենյակը նորոգել ու կահավորել է Սիրվարդ Համամջյանը՝ ի հիշատակ իր հանգուցյալ ամուսնու, ով աղքատախնամ մարմնի անդամներից էր: