news.am – Հալեպահայերը Հայաստանում կհաստատվեն այն ժամանակ, երբ պետությունը նրանց պարենային եւ ֆինանսական աջակցություն տրամադրի: Այս մասին այսօր` հունիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգ» շաբաթաթերթի խմբագիր, ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը` ավելացնելով, որ Սիրիայի հայ համայնքի առաջնորդների կողմից ստեղծվել է շտաբ, որը նրանց նման օգնություն է տրամադրում: Հակոբ Ավետիքյանի խոսքով` սիրահայերը նախընտրում են տեղափոխվել Շվեդիա, Գերմանիա, որտեղ նրանց ֆինանսապես ապահովում են:

«Սիրահայերը Հայաստան գալ չեն կարող: Նրանք ասում են` եթե Հայաստանի կառավարությունը նույնպես մեզ տար ինչ-որ օրապահիկի նման մի բան, կգայինք, կհաստատվեինք: Զանազան օգնություններ կան, բայց դրանք քիչ են, պետք է ավելի կազմակերպված հանգանակություններ լինեն: Նրանք հաստատվում են այն երկրներում, որտեղ նրանց գումարներ են տրամադրվում»,-ասաց նա` ընդգծելով, որ սիրիահայերը կարող են կառավարության կողմից մշակված հատուկ ծրագրի շրջանակում բնակեցվեն Արցախում, որտեղ կարող են գյուղատնտեսությամբ զբաղվել:

Հակոբ Ավետիքյանը նշեց, որ սիրահայերը հայաստանյան աշխատաշուկան հաջողությամբ կհամալրեն, սակայն մեր երկրում այդ ոլորտում դեռ շատ խնդիրներ կան:

«Նրանք գիտեն, որ եթե այս երկիր են գալու, պետք է աշխատեն այնպես, ինչպես կարող են, նրանք աշխատասեր են, 12 ժամ կարող են աշխատել: Նրանք նաեւ առավելություն ունեն` չեն բողոքում, դա հաշվի են առնում մեր գործատուները, բայց գիտենք` ինչ վիճակ է աշխատաշուկայում»,– ասաց Հակոբ Ավետիքյանը` ավելացնելով, որ Հայաստանում ապրող ձեռներեց սիրահայերը պետք է խրախուսվեն, հատկապես եթե նրանք արտադրում են մի բան, ինչը մեզ մոտ չի արտադրվում:

«Ազգ» շաբաթաթերթի խմբագիրը հավելեց, որ առեւտրի տեսանկյունից կարեւորագույն քաղաք Հալեպում ապրող հայերից շատերը խանութներ ունեն, չեն կարող դրանք լքել, քանի որ նրանց բացակայության դեպքում դրանք կկողոպտվեն, եւ իրենք կզրկվեն վերջին միջոցներից: