tert.am – Մենք էական մասնակցություն ենք ունեցել շրջանառության հարկի մասին օրենքի փոփոխությունների հարցում։ Ներկայումս իրականացնում ենք իրազեկման արշավ և տեղեկացնելու ենք ձեռներեցներին, թե ինչ հնարավորություններ է ստեղծում այդ օրենքի փոփոխությունը. այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Գեղամ Պետրոսյանը:
«Այս օրենքի փոփոխությունը պետության և մասնավոր հատված համագործակցության հիանալի օրինակ է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է սիրիահայերի աջակցության ծրագրերին, ապա նա ասաց, որ մինչ այսօր 78 սիրիահայերի աջակցել են` սկսելու իրենց գործը և 330 միլիոնի չափով վարկային երաշխավորություն են տրամադրել:
«Նրանք բավականին ստեղծագործ ժողովուրդ են, և սիրիահայերի՝ Հայաստան վերադարձով բիզնես միջավայրը բազմազանեցրել ենք, և նոր, լավ ավանդույթներ ենք դրել»,-ասաց նա և նշեց, որ թեև որոշ սիրիահայ գործարարների հետ հաջողված գործակցում են, սակայն կան նաև այնպիսիք, որոնք չեն ցանկացել տեղեկատվություն տալ, նույնիսկ զանգերին չեն պատասխանել։
Գեղամ Պետրոսյանն ասաց, որ սիրիահայ գործարարների 30 տոկոսն է նպատակային ծախսել գումարները և կան այնպիսիք, որոնք ոչ նպատակային են ծախսել, ինչը պարզել են պարբերաբար իրականացվող մոնիթորինգի արդյունքում:
«Մենք պարտավոր ենք իրականացնել մոնիթորինգ եռամսյակը մեկ, սակայն երբ ունենում ենք խնդրահարույց դեպք՝ ամսական կտրվածքով ենք իրականացնում այն և՛ այցելությունների, և՛ հեռախոսազանգերի միջոցով»,-ասաց նա:
Ասուլիսին ներկա սիրիահայ գործարարներն իրենց դժգոհությունները հայտնեցին և հարց բարձրացրեցին, թե արդյոք ՓՄՁ-ն իրավունք ունի իրենց գործարարության վերաբերյալ տվյալներ հրապարակի իրենց կայքում: Ըստ նրանց՝ ՓՄՁ ԶԱԿ-ը չի օգնում իրենց՝ գործարար կապեր հաստատելու հարցում, ինչին ի պատասխան Գեղամ Պետրոսյանն ասաց, որ իրենց ունեցած հնարավորությունների սահմաններում դա անում են և բազմաթիվ անգամ արել են, միջոցառումներ, ցուցադրություններ են կազմակերպել:
Գործարարներն ասացին, որ իրենք պատրաստ են աշխատել, համագործակցել ՓՄՁ ԶԱԿ-ի հետ, չեն ցանկանում թշնամական հարաբերություններ ունենալ, սակայն երբ գնացել են Գեղամ Պետրոսյանին տեսնելու, իրենց չեն ընդունել: