Lragir.am- Արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան խորհրդարանում անդրադարձավ սիրիահայերի խնդրին՝ նշելով, որ նրանց վիճակը շատ բարդ է:

Նա նշեց, որ սխալ է սիրիահայերի տարհաման հարցը դնելը: «Եկեք մարդկանց բերելու հարցը չդնենք, մարդկանց փոխարեն որոշում չկայացնենք: Հայաստանի դռները բաց են, Սիրիայում երևի եզակի դեսպանությունն է, որը նույն մակարդակով աշխատում է, ինչպես նաև գլխավոր հյուպատոսությունը լայնամասշտաբ աշխատում է, մաքսիմալ հեշտացված պայմաններ են ստեղծված թե քաղաքացիության ձեռք բերման, թե մուտքի արտոնագիր ձեռք բերելու համար, նույնը կատարվում է Հայաստանի մեջ: Ով ցանկություն ունի, գալիս է, մարդկանց փոխարեն եկեք որոշում չկայացնենք»,- ասաց նա:

Սերգեյ Մանասարյանը նշեց, որ Սիրիայում մոտ 15-20 հազար հայ է մնացել: Նա հիշեցրեց, որ այս օրերին այդ տարածաշրջանում է գտնվում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով այցի ընթացքում առաջին հերթին նաև քննարկելու է հայերի անվտանգության հարցը, սակայն սիրիահայերի տարհանման հարցը չի դրվելու:

«Հայերի վիճակը Սիրիայում շատ տարբեր է, առ այսօր այնտեղ հակահայկական ոչ մի բան չի եղել, երևի դա գնահատենք հակաքրիստոնեական: Չի կարելի ասել, որ դա միայն հայերի դեմ է, բոլորն են ծանր վիճակում: Դամասկոսում վիճակն ավելի հեշտ է, Հալեպում ավելի դժվար է: Շատ ծանր է վիճակը»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ սիրիահայերին ընդունելու մասին հարցն Արտգործնախարարության տիրույթում գտնվող հարց չէ: