azatutyun.am – Սիրիահայ գործարարներին չի գոհացրել Կառավարության աջակցությունը. նրանք կրկին խնդրում են վարչապետին՝ փրկել բիզնեսն ու կանխել իրենց արտագաղթը։

Սիրիական ճգնաժամից հետո Հայաստան տեղափոխված սիրիահայերը դեռ երկու ամիս առաջ էին Կառավարությունից խնդրել՝ կես տարով սառեցնել վարկերի տոկոսադրույքների մարումը։ Բողոքից հետո նրանց էր հանդիպել Կառավարության կողմից սիրիահայերին արտոնյալ վարկեր տրամադրող Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանը։

Ըստ գործարարների, պաշտոնյան առաջարկել էր հայտ ներկայացնել՝ քննարկելու իրենց առաջարկը։ 31 գործարարների ներկայացված հայտից անցած երկու ամսվա ընթացքում բավարարվել է ընդամենը յոթը։ Մերժվածները կասկածի տակ են դնում Կառավարության անաչառությունն այս հարցում՝ պնդելով, որ իրենց որոշման պատճառները չեն պարզաբանել։

«Քիչ առաջ ասացի, որ այդ մարդը վեց ամիս է վերցրել է վարկը, էդ մարդը հերթականորեն վճարում է։ Իրեն ասել են, թե 15 տոկոսը պետք է վճարած լինես էդ գումարի, որ մենք կարողանանք այդ հայտն ընդունենք», – ասաց սիրիահայ գործարար, տեքստիլի ոլորտում աշխատող Հրաչ Բալ-Մանուկյանը։

Սիրիայում պատերազմի պատճառով ունեցվածք, բիզնես թողած ու Հայաստան տեղափոխված Ջորջ Փետուրյանն էլ հավելեց. – «Սա բիզնեսի փակում է նշանակում»։

Սիրիահայ գործարարները եզրակացրել են՝ Պետրոսյանի ղեկավարած կենտրոնն իրենց աջակցելու փոխարեն ավելի է բարդացնում վիճակը՝ որոշ գործեր նաև հասել են դատարան։

Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնից «Ազատության»-ը փոխանցեցին՝ սիրիահայերի բողոքին կպատասխանեն վաղը։