news.am – Հայաստանում սիրիահայ համայնքի ներկայացուցիչ Խաչիկ Ջոզիկյանը Հայաստանի իշխանություններին առաջարկում է արդեն 4 տարի ընթացող Սիրիայի հակամարտության պատճառով Հայաստանում ապաստանած սիրիահայերին Արցախում վերաբնակեցնելու նախագիծ մշակել: NEWS.am-ի հետ զրույցում Խաչիկ Ջոզիկյանն ասաց, որ այժմ Ղարաբաղում ապրող շատ սիրիահայեր կան, որոնք սիրել են այն և որոշել են բնակվել այնտեղ: Նրա խոսքով` սիրիահայերին քիչ բնակեցված Շուշի քաղաքում վերաբնակեցնելով` հնարավոր կլինի եւ սիրիահայերի կեցության հարցը լուծել, և զարգացնել Շուշին` որպես քաղաք։

«Տարբեր կազմակերպությունների օգնությամբ, Արցախում մոտավորապես 60 հատ 3 սենյականոց բնակարան տրամադրվեց սիրիահայերին և նրանք այլևս չեն ուզում վերադառնալ Երևան, քանի որ սիրեցին Ղարաբաղը: Հայաստանի իշխանություններն ընդամենը 5000-10.000 դոլարով Շուշիի բնակարանները կարող են վերականգնել, վերանորոգել և հանձնել սիրիահայերին, վստահ եմ, որ նրանք կսիրեն այն և կաշխատեն ու կզարգացնեն այն»,-ասաց նա:

Հայաստանում սիրիահայ համայնքի ներկայացուցիչը մտահոգություն հայտնեց, որ Հայաստանում գտնվող սիրիահայերի մեծ մասը երբեք չի եղել Արցախում, նրա կարծիքով` լավ կլիներ, եթե Հայաստանի կառավարությունը գոնե մեկ անգամ սիրիահայերին տաներ Ղարաբաղ և հնարավորություն տար նրանց այն տեսնելու, ծանոթանալու Արցախի կլիմայական պայմաններին, բնությանը, կենցաղային հնարավորություններին: Ջոզիկյանը վստահ է, որ այդ դեպքում շատ սիրահայեր կցանականան բնակություն հաստատել Արցախում։