ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Սիրիայի կենտրոնական մարմնի հովանավորությամբ և ՀԲԸՄ ու ՀԵԸ ուսանողական միությունների նախաձեռնությամբ Հալեպում տեղի է ունեցել դասախոսություն «Հայ դատի իրավական հիմունքները» թեմայով:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Սիրիայի կենտրոնական մարմնի պաշտոնական էջից: Դասախոսությունը ներկայացրել է իրավաբան և հայոց լեզվի ուսուցչուհի Մարիա Գաբրիելյանը, ով տեսաերիզով մանրամասն մեկնաբանել է այն միջազգային օրենքերը, որոնք առնչվում են Հայ դատի գործունեությանը: Նա նաև անդրադարձել է հայ ժողովրդի պահանջներին:

Միջոցառման ընթացքում նաև հնչել են երգ, երաժշտություն ու ասմունք: Ապա խոսքով հանդես է եկել ՀԲԸՄ-ի սիրիական հանձանժողովի ատենապետ Ներսես Ներսոյանը, ով բարձր է գնահատել երիտասարդության ազգանվեր գործը և պահանջատիրության ջահը գալիք սերունդներին արժանավայել փոխանցելը:

Չնայած Սիրիայում տիրող բարդ ու դժվարին պայմաններին՝ սիրիահայ երիտասարդները կազմակերպում են ցեղասպանության ճանաչման ու հատկապես պահանջատիրության վերաբերյալ տարբեր միջոցառումներ: