1in.am – Հալեպում ապրիլի 10-ից մինչև 11-ի առավոտ հրթիռակոծության հետևանքով 20-21 զոհ կա և շուրջ 56 վիրավոր, որից 9-ը՝ հայ: Բարեբախտաբար, հայերից զոհ չունեցանք: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը:
Հրթիռակոծությունը տեղի է ունեցել քրիստոնեաբնակ Սուլեյմանիա թաղամասում: Նրա խոսքով՝ երեք-չորս հարկանի շենքեր են հրթիռակոծվել, ինչի հետևանքով էլ այդքան զոհ կա: Հարություն Սելիմյանը նաև նշեց, որ սկսել են գնդակոծել քրիստոնյա խաղաղ շրջանների ուղղությամբ: «Երկխոսություն տեղի ունեցավ իշխանության հետ, որ իրենց պարտականությունն է քաղաքացիների խաղաղությունն ապահովելը: Այս հրթիռներն աննախադեպ էին թե՛ հայ ժողովրդի, թե՛ ընդհանրապես քրիստոնյա ժողովրդի համար: Սրանք սպառնալիք են, որ դիմադրողականությունը թուլացնեն, և այստեղ կուտակված խտացված տոկունությունը թուլացնելու նպատակ ունեն»,- նշեց վերապատվելի Սելիմյանը: Նրա խոսքով՝ այս թաղամասերի հրթիռակոծումը նպատակ ունի Սիրիայից վերացնել քրիստոնյա տարրը:
«Իրականում իրավիճակը շատ լարված է, ընդհանրապես Սիրիայի պատերազմական վիճակը մտահոգիչ է: Դրդապատճառներին ծանոթ ենք, պետք է կայունություն արձանագրել, որը, կարծում եմ, կկայանա Իրանի և Արևմուտքի միջև նոր համագործակցությունից, այլապես այն, ինչ տեղի է ունենում, անմարդկային է»,- ասաց Հարություն Սելիմյանը: