ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ սիրիահայ բժիշկներ ամեն շաբաթ Սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոնում անվճար ընդունում և կոնսուլտացիաներ են անցկացնում Հայաստան տեղափոխված սիրիահայ ընտանիքների հետ: Այս մասին ապրիլի 3-ին հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, իր ղեկավարությամբ տեղի ունեցած Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ:
«Այդ մարդիկ կամավոր հիմունքներով օգնություն են տրամադրում մեծերին և փոքրերին: Առանձին նաև պետք է գնահատել նաև այն կամավոր աշխատանքը, որ անում են մեր հայրենակիցները, դրանով թեթևացնելով առողջապահական հոգսը», – նշեց Հրանուշ Հակոբյանը:
2012թ.-ից մինչ օրս Հայաստան տեղափոխված բոլոր սիրահայերի պոլիկլինիկական բուժօգնությունը կազմակերպվում է անվճար, ըստ փաստացի բնակության վայրի: Առ այսօր դժվարամատչելի հետազոտություն և հիվանդանոցային բուժօգնություն են ստացել 1128 սիրիահայ, որոնցից 280-ը սպասարկվել են 2014 թ., 140-ը` 2015 թ. առաջին եռամսյակում: