ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Բուսթան Քըլաբ թաղամասում մարտի 23-ին ռումբեր են ընկնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը, ռումբերի ընկնելու հետևանքով նախնական տեղեկություններով 4 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ:

Սիրիական «ՍԱՆԱ» գործակալության տեղեկացմամբ` բանակը մարտի 23-ին ահաբեկչական կազմակերպությունների հետ բախումների ժամանակ տասնյակ ահաբեկիչների է ոչնչացրել Դարաայի շրջանի Բուսրա քաղաքում: Սպանվածների թվում երկու ղեկավարներ են եղել: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ` մեծ թվով զինյալներ են սպանվել և վիրավորվել Հալեպի շրջանի Զարբա բնակավայրում և Հանդարա ճամբարում: Աղբյուրի տեղեկացմամբ` Դամասկոսի, Հոմսի, Ռակկայի, Հասաքեի, Համայի և Կունեյտրայի մարզերում 89 զինյալներ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին:

Արաբական մեկ այլ աղբյուր փոխանցել է, որ սիրիացի ակտիվիստների տեղեկացմամբ, մարտի 22-ին սիրիական կառավարական ուժերին պատկանող ուղղաթիռ է ընկել ընդդիմադիրների հսկողության տակ գտնվող տարածքում՝ Իդլիբի մարզի Մաարաթ ան Նուման գյուղաքաղաքի հյուսիսում: Նրանց խոսքով, զինյալները գերի են վերցրել ուղղաթիռի անձնակազմի չորս անդամներին: Ընդդիմադիրները նշել են, որ ուղղաթիռն ընկել է, մինչդեռ սիրիական հեռուստատեսությունը հայտնել է, որ զինյալները ստիպել են ուղղաթիռին վարէջք կատարել: