news.am – Սկսնակ փոքր ու միջին գործարարների համար ՓՄՁ ԶԱԿ-ի վարկավորման ծրագիրը շատ հաջող է, սակայն վարկավորող բանկի կողմից որոշակի ճկունությունն օգտակար կլիներ: Այդպիսի կարծիք հայտնեցին NEWS.am-ի թղթակցին մի խումբ սիրիահայ գործարարներ:
Ըստ նրանց, Հայաստանում հանգրվանած մի քանի տասնյակ սիրիահայ փոքր ձեռնարկատերերը զբաղվում են ոչ այդքան առեւտրով, որքան փոքր արտադրություններով:
Փոքր ու միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) եւ «ՎՏԲ Հայաստան» բանկի կողմից համատեղ իրականացվող սկսնակ (ստարտափ) ձեռնարկատերերի վարկավորումը շատ հաջող է իր պայմաններով, նշեցին ձեռնարկատերերը: Սակայն նրանց մտահոգում է բանկի քաղաքականությունը՝ ժամանակավոր անվճարունակության դեպքում:
Ըստ նրանց, այդպիսի դեպքերում ճիշտ կլիներ, որ բանկն ինչ-որ ողջամիտ ժամկետ տար (դիցուք՝ մի քանի ամիս)՝ վերականգնվելու համար, թեկուզեւ ուշացման տույժեր գանձելով, բայց միանգամից «չայրեր կամուրջները»՝ պահանջելով վաճառել գրավն ու փակել վարկի չմարված մասը:
«Դեպք մը եղած է, որ ծրագրի վարկառուներեն մեկն ըսած է՝ լավ, երկու ամիս դրամ չունեի, հիմա ունիմ, կսկսիմ ձեզի վճարել: Անոնք ալ ըսին՝ չէ, վերջացած է քո հարաբերությունը մեզի հետ, գործը կուղարկենք դատարան: Ասանկ գործելաոճ չենք հասկնար», – նշեց գործարարներից մեկը:
Ըտ բիզնեսմենների, անհրաժեշտ է ուսումնասիրել նման վարկային գործերի ցանկը եւ հասկանալ՝ որտեղ է, որ գործարարն իրոք անվճարունակ է եւ որտեղ է դժվարությունը ժամանակավոր եւ երկու-երեք ամսից հետո՝ շտկվող:
«Եթե լուրջ խնդիրներ ունի, սա արդեն ուրիշ պարագա է, հոս բնավ չենք կրնա ըսել, որ բանկն իր դրամը չգանձի: Բայց եթե պարզ կըլլա, որ ժամանակավոր է, ու քիչ հետո կրնա նորից վճարումներ ընել, հոս պետք է քիչ մը ճկուն ըլլալ: Թող ուշացումներու համար տույժեր ալ գրեն, ոչինչ: Բայց միանգամից չըսեն, թե՝ գործը դատարան ու հարկադիր կտանինք», – ընդգծեցին գործարարները: