ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը սիրիահայերին տրամադրված ՀՀ անձնագրերի պետական տուրքը փոխհատուցելու նպատակով կհատկացնի 16 մլն 465 հազար դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության փետրվարի 26-ի նիստի օրակարգում:

2014թ. 4-րդ եռամսյակի ընթացքում սիրիահայերին տրամադրվել է ՀՀ 277 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Սիրիայում (209 գործ) և Լիբանանում (68 գործ) գտնվող ՀՀ դեսպանությունում:

«ՀՀ կառավարությունն ամեն կերպ փորձում է աջակցել ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին և ՀՀ քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: