news.am – Փետրվարի 6-9-ը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գեւորգյանն այցելեց Լաթաքիա եւ Քեսաբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե փետրվարի 7-ին եւ 8-ին Տիգրան Գեւորգյանը հանդիպումներ ունեցավ տեղի ազգային իշխանությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվեց Սիրիայի ծովափնյա շրջաններում բնակվող, հատկապես Հալեպից, Ռաքքայից եւ այլ քաղաքներից գաղթած հայության կացությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Փետրվարի 9-ին Քեսաբի Սուրբ Խաչ եկեղեցու սրահում գլխավոր հյուպատոսը քեսաբցիներին հանձնեց ՀՀ քաղաքացու անձնագրեր: Այնուհետեւ գլխավոր հյուպատոսը հանդիպեց Քեսաբի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվեցին Քեսաբի վերականգնմանն առնչվող հարցերը, ինչպես նաեւ քեսաբցիներին հուզող մի շարք այլ խնդիրներ եւ դրանց լուծման հեռանկարները:
Լաթաքիա այցելության երկու օրերի ընթացքում տեղի Հայոց Ազգային Առաջնորդարանում Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցների կողմից իրականացվեց հյուպատոսական ընդունելություն` Սիրիայի հյուսիս-արեւմտյան շրջաններում բնակվող հայերի համար: