news.am – Երեւանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի փոքր սրահում, այսօր՝ հունվարի 23-ին, տեղի է ունեցել հալեպահայ Սոսե Պարոնյանի՝ ՀՀ սփյուռքի նախարարությանը նվիրաբերած ձեռագրերի եւ հնատիպ գրքերի՝ Հայաստանի գլխավոր ձեռագրապահոցին փոխանցելու հանդիսավոր արարողությունը:
Սփյուռքի նախարարությունից հայտնում են, որ ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը:
Ողջունելով ներկաներին՝ սփյուռքի նախարարը մասնավորապես նշեց. «Խորհրդանշական է, որ այսօր պատվաբեր առաքելությամբ գտնվում ենք Մատենադարանում՝ հայկական ձեռագրերի հարուստ մշակույթի այս ինքնատիպ պահոցում:
Ազգի նվիրյալ զավակ հալեպահայ Սոսե Պարոնյանի մեծ հայրն ու մայրը՝ Մովսես եւ Զարթիկ Ասլանյան-Պարոնյանները, ովքեր Հայոց ցեղասպանության արյունալի օրերին, մահն աչքերի առաջ ունենալով, թուրքի ահասարսուռ ճիրաններից առաջին հերթին փրկել եւ Խարբերդից Հալեպ են տեղափոխել մեծ արժեք ներկայացնող այս գրքերը՝ աղոթագրքեր, բառարաններ, ավետարաններ եւ 18-րդ դարի մեկ ձեռագիր, որոնց ճակատագիրը ոչնչով չի տարբերվում եղեռնազարկ հայ մարդու ճակատագրից: Սոսեի ծնողները՝ Անդրանիկ եւ Մարգրիտ Ղանդիլյան-Պարոնյանները, ամենայն հոգածությամբ պահել ու պահպանել են դրանք՝ իրենց նվիրական առաքելության իրավահաջորդը դարձնելով Սոսեին: Սոսե Պարոնյանը Սիրիայի համար այս տագնապալի օրերին որոշում է կայացրել՝ Պարոնյանների ընտանեկան ժառանգությունից 1 ձեռագիր եւ 14 հնատիպ գիրք «Սիրիահայության շտապ օգնության մարմնի» եւ Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության աջակցությամբ նվիրել է Հայրենի պետությանը՝ ի դեմս ՀՀ սփյուռքի նախարարության: Այդ անգնահատելի նվերը պատասխանատվության մեծ զգացումով հանձնում ենք մաշտոցյան Մատենադարանին՝ ի պահ»: