ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հայկական համայնքի կողմից հավաքված օգնությունն առաջիկա օրերի ընթացքում թուրքական Կարմիր մահիկի կազմակերպության միջոցով կտեղափոխվի Սիրիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը: Պոլսահայ համայնքի կողմից հավաքված օգնությունն իր մեջ ներառում է ինչպես սննդամթերք, այնպես էլ հագուստ: Թուրքական Կարմիր մահիկի կազմակերպության նախագահ Լյութվի Աքարը հայտնել է, որ հանդիպել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի հետ, ով ընդգծել է, որ Թուրքիայում բնակվող սիրիացիները ևս օգնության կարիք ունեն:

«Մենք ունենք լիազորություններ սահման գնալու և այդ երկրի քաղաքացիներին օգնելու նպատակով: Պետական պաշտոնյաններն ու հասարակական կազմակերպությունները նման արտոնություններ չունեն: Մենք կարող ենք օգնությունը տրամադրել սահմանին «Կարմի խաչի և «Կարմիր մահիկի կազմակերպությունների դիտորդների ներկայությամբ: Ես ասացի, որ ուրախ կլինեմ այդ օգնությունը տրամադրել նաև սիրիահայերի խմբին»,- ասել է Լյութվի Աքարը: Նա նշել է, որ օգնությունը տրամադրվելու է հայաշատ քաղաքների` Հալեպի և Դամասկոսի հայկական համայնքների ներկայացուցիչներին` մասնավորապես տեղի հայկական եկեցեղուն:

Սիրիայում ավելի քան 23 ամիս շարունակվող պատերազմական գործողությունների հետեւանքով ծանր վիճակում է հայտնվել նաեւ հայկական համայնքը, որին օգնելու համար ջանքերը մեկտեղել են աշխարհասփյուռ հայկական համայնքները: