ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սահմանամերձ շրջանների և սիրիական պատերազմի արդյունքում Հայաստանում հաստատված սիրիահայերի երեխաները ՀՀ նախագահի նստավայրի հյուրերն էին: Նրանք մասնակցեցին արդեն 4-րդ տարին Նախագահականում անցկացվող ուրախ ամանորյա միջոցառմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասանները` զգեստավորված հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսների գունեղ հագուստներով, երգ ու պարով, տարբեր խաղերով ու մրցանակներով խինդ ու ծիծաղ պարգևեցին հարյուրից ավելի փոքրիկների: Նրանց համար պատրաստված էր հյուրասիրություն, որն ընդմիջվում էր տարբեր խաղերով, պարերով, թատերական ներկայացմամբ: Ուրախ տոնակատարությունն ավարտվեց Ձմեռ պապիկի և Ձյունանուշի այցով, ովքեր նվերներ ունեին բոլոր երեխաների համար:
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի» իրավաբան Նաիրա Եդիգարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երեխաները Նախագահի նստավայրում այնքան ջերմ ընդունելության են արժանացել, կարծես տանը լինեն: «Արդեն երրորդ տարին է` այս բարի ավանդույթը շարունակվում է, և մենք ներգրավված ենք ու ուշադրության կենտրոնում: Շատ լավ փաստ է, որ այստեղ կան տեղացի երեխաներ, ինչը նպաստում է երեխաների սոցիալ-հոգեբանական ինտեգրացիային, իրենց ավելի լավ ու ընդունված են զգում: Սիրիահայ երեխաների համար շատ հաճելի է, որ ՀՀ Նախագահն ու այլ կառույցներ իրենց պահում են ուշադրության կենտրոնում»,-ասաց Նաիրա Եդիգարյանը:
Նրա տեղեկացմամբ` նախատոնական այս օրերին ավելի քան 500 սիրիահայ երեխա մասնակցելու է տարբեր միջոցառումների:
Տավուշի մարզի Բարեկամավանի միջնակարգ դպրոցի դասվար Աստղիկ Ղազարյանը, ով Նախագահի նստավայր է ուղեցել իր աշակերտներին, նշում է, որ երեխաներն այս օրվան անհամբերությամբ են սպասել ու հատուկ պատրաստվել: «Արտասանություններ եմ տվել, սվորորել են, այստեղ հանդես են եկել: Երեխաների մոտ գյուղում խաղաղ ապրելու ցանկությունը շատ մեծ է: Իրենք երբեք չեն ուզում գյուղից դուրս գալ, այնտեղ ծնվել, մեծացել են, իրենց դա է հետաքրքիր»,-ասաց ուսուցչուհին: Նա կարևորում է, որ հեռավոր շրջաներում էլ նման միջոցառումներ կազմակերպվեն, որպեսզի երեխաները իրենց գյուղում հաղորդակից լինեն տոնին: Ամանորյա տոների կապակցությամբ Աստղիկ Ղազարյանը բոլոր երեխաներին մաղթեց միայն խաղաղություն, կապույտ երկինք, որ նրանց աչքերում թացություն չլինի:
Միանման հագնված, բայց դիմագծերով ու հասակով լիովին տարբեր զույգ քույրիկներ Սիլվիա և Մարիա Խլոյանները Նախագահի նստավայրի սիրիահայ հյուրերից են: Նրանց խոսքով` շատ լավ ժամանակ են անցկացնում իրենց համար կազմակերպված տոնակատարությանը: Ձմեռ պապիկից էլ նույն նվերն են խնդրել` ձեռքի պայուսակ: Ընդհանրապես, քույրիկների երազանքներն են նույնը. ցանկանում են միաժամանակ բժշիկ, նկարչուհի, պարուհի ու երգչուհի դառնալ:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքից միջոցառմանը ժամանած Սվետա Կիրակոսյանը Ձմեռ պապից ցանկանում է իր ընտրած մասնագիտության մեջ հաջողությունների հասնել: «Քանի որ ցանկանում եմ դառնալ բնապահպան, երբ մեծանամ, ցանկանում եմ իմ գործում ունենամ շատ հաջողություններ: Ցանկանում եմ, որ մեր աշխարհում խաղաղություն լինի, որ երեխաները կարողանան այսպիսի միջոցառումների մասնակցել»,-նշեց Սվետան:
Աղջկա խոսքով` իրենց շրջանում Նոր տարին մեծ շուքով են նշում: «Մեր բարեկամների, հարազատների հետ իրար անակնկալներ ենք մատուցում և ուրախանում: Դասարանցիներով հավաքվում ենք, իրար տուն գնում: Դպրոցում էլ կազմակերպում ենք հանդեսներ»,-ասաց ճամբարակցի աղջիկը:
Սահմանամերձ շրջանների երեխաները Երևանում արդեն հասցրել են լինել Հանրապետության հրապարակում, կայցելեն նաև Երևանի պատմության և Հովհաննես Թումանյանի թանգարաններ: