panorama.am – ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել նշանավոր գիտնական, մանկավարժ, գրող Հակոբ Չոլաքյանի «Քեսաբի երեք օրերը» և Րաֆֆի Քորթոշյանի «Քեսաբի շրջանի պատմական հուշարձանները» գրքերի շնորհանդեսը: Այս մասին հայտնում է սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:

Բարձր գնահատելով 2014թ. մարտի 21-23-ը Քեսաբի դեպքերի հետևանքով Հայաստան տեղափոխված ականավոր գիտնական, հայաբնակ Քեսաբ գյուղի տարեգիր Հակոբ Չոլաքյանի «Քեսաբի երեք օրերը» հուշագրությունը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է. «Այս գիրքը բերում է 2014թ. մարտին Քեսաբի շրջանի ամբողջական հայաթափման ու այդ դեպքերին նախորդող իրավիճակներին ականատես հեղինակի վկայությունները: Տեղեկատվական, պատմական, ազգագրական տեղեկությունները տրված են պահի ապրումի և մտածումի հետ»:

Հեղինակը մասնագիտական շրջանակների մեջ հայտնի է Քեսաբի և Անտիոքի շրջանի հայերին նվիրված պատմա-ազգագրական, բարբառագիտական, բանագիտական մի շարք ուսումնասիրություններով:

«Ցավ է, որ Քեսաբի դեպքերը առիթ դարձան այս հուշագրության ստեղծմանը, բայց հուսով ենք, որ Հակոբ Չոլաքյանի հաջորդ գիրքը պիտի դառնա «Քեսաբի վերածնունդը», – ընդգծել է ՀՀ սփյուռքի նախարարը:

Անդրադառնալով Րաֆֆի Քորթոշյանի «Քեսաբի շրջանի պատմական հուշարձանները» գրքին՝ ՀՀ սփյուռքի նախարարը կարևորել է հեղինակի կողմից Քեսաբում պատմական հուշարձանների ուսումնասիրության նպատակով իրականացված գիտարշավների ակտիվ մասնակցությունը և նյութին առնչվող գրավոր աղբյուրների համալիր ուսումնասիրությունը, դրանց ամրակայումը՝ իբրև հաջորդող սերունդներին իրենց մշակութային ավանդներին տեր լինելու պատգամը:

«Այս գիրքը կարևոր տեղեկատվական աղբյուր կդառնա շրջանի պատմությանը նախանձախնդիր քեսաբցիների, ոլորտի մասնագետների, հատկապես հայկական գաղթավայրերի պատմությամբ ու մշակույթով հետաքրքրվողների և ընթերցող լայն հասարակության համար», – նշել է գերատեսչության ղեկավարը:

Հակոբ Չոլաքյանը և Րաֆֆի Քորթոշյանը նշել են, թե որքան ծանր էր Քեսաբի դեպքերին ականատես լինելը և նույնքան դժվար՝ այդ ամենը փաստերով գրի առնելն ու լուսանկարելը: