Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից՝ Ավստրիական զարգացման գործակալության եւ Ավստրիական կարմիր խաչի օժանդակությամբ իրականացվող ծրագրի արդյունքներին այսօր Կարմիր խաչի կենտրոնական գրասենյակում ծանոթացել է Ավստրայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցի գլխավորած պատվիրակությունը: Հայկական կարմիր խաչի եւ Ավստրիական կարմիր խաչի ընկերությունների համագործակցության շրջանակում սիրիահայերի աջակցության ծրագիրն իրագործվել է 2013թ-ի հոկտեմբերից 2014թ-ի հուլիս՝ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ եւ Ավստրիական Կարմիր խաչի օժանդակությամբ: Խոցելի խմբի ընտանիքներին տրամադրվել են հիգիենիկ ծանրոցներ, կենցաղային իրեր, ձմեռային հագուստ եւ կոշիկ, դեղորայք՝ քրոնիկ հիվանդություն ունեցող շահառուներին, ինչպես նաեւ թիրախային ընտանիքներին աջակցություն՝ փոքր բիզնես սկսելու համար: Այս ծրագրի նպատակն է բարելավել Սիրայի քաղաքացիական պատերազմի հետեւանքով Հայաստան տեղախոխված սիրյահայերի կենսապայմանները:
Հայկական Կարմիր խաչը սիրիահայերի ժամանման առաջին իսկ պահից օգնության ձեռք է մեկնել ընտանիքներին: Ծրագրում ներգրավված էր 300 ընտանիք՝ Երեւանից եւ մի շարք մարզերից: Այսօր շուրջ 12 000 սիրիահայեր փորձում են նոր կյանք սկսել Հայաստանում՝ հաղթահարելով մի շարք դժվարություններ: “Քաջատեղյակ ենք, որ հատկապես փախստականները խոցելի վիճակում են, եւ ծրագիրն օգտակար է նրանց կյանքի որակը բարելավելու համար: Շատ ուրախ եմ, որ մենք ծրագիրը շարունակվելու է: Եւս 600 հազար եվրո գումար ենք ներդնելու: Ցանկանում ենք շնարհակալություն հայտնել Կարմիր խաչի հետ մեր համագործակցության, այդ թվում` Ավստրիայի հետ համատեղ իրականացվող աշխատանքների համար”,- ասաց Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը։
Հանդիպման ավարտին Հայկական կարմիր խաչի նախագահը խորհրդանշական նվեր հանձնեց նախարարին: Իսկ Սեբաստիան Կուրցն անձամբ փոխանցեց սիրիահայ մի ընտանիքի համար նախատեսված օգնությունը: