tert.am – Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասը երեկ երեկոյան դարձյալ գազի բալոնով պատրաստված ինքնաշեն հրթիռների թիրախում է հայտնվել. տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը։ Արձանագրվել են նյութական վնասներ և վիրավորներ, որոնց վիճակը մտահոգիչ չէ։

Ամենամեծ պայթյունները գրանցվել է Նոր գյուղի օդային զինուժի կենտրոնի շրջանում և ազգապատկան «Կիլիկիա» շենքի դիմաց՝ «Արևելք» տպարանի մոտ։

Պայթյունների հետևանքով վիրավորվել են Արփի և Գոհար Գույումճյանները, Նվեր Գրտանյանն ու Հռիփ Ղազարյանը։ Պայթյուններ են գրանցվել նաև Ազիզիյե թաղամասում։

Հալեպում շարունակվում է նաև ջրի բացակայության խնդիրը։ Մոտ 1 ամիս առաջ պայթյունի հետևանքով շարքից դուրս եկած ջրամատակարարման ցանցը վերանորոգելը դժվար է շարունակվող բախումների պատճառով։ Քաղաքի ավելի քան 1 մլն բնակիչներ զրկված են մաքուր ջուր ունենալու հնարավորությունից։

Հալեպում հիմնականում օգտագործում են եկեղեցիների, մզկիթների, դպրոցների բակերում փորված հորերի ջրերը, որը, սակայն, խմելու համար պիտանի չէ և օգտագործվում է բացառապես կենցաղային նպատակներով։