ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայից Հայաստան տեղափոխված սկսնակ ձեռնարկատերերի առջև ծառացած հիմնական խնդիրներից է օրենսդրական դաշտին անծանոթ լինելը: Խնդիրը լուծելու և սիրիահայերի հոգսը թեթևացնելու նպատակով Հայաստանի Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի hայաստանյան գրասենյակի հավանավորությամբ (ՄԱԿ ՓԳՀ) իրականացրեց ՀՀ հարկային դաշտի օրենսդրությանը նվիրված հերթական դասընթացը` սիրիահայ գործարարների համար: «Սեմինարի նպատակն է Սիրիայից ժամանած ձեռնարկատերերին կամ նոր գործ հիմնել ցանկացողներին ծանոթացնել ՀՀ-ում գործող հարկային օրենսդրությանը` վերջերս կատարված փոփոխություններով, ներկայացնել, թե ինչպես գրանցեն և արդյունավետ վարեն իրենց բիզնեսը: Քանի որ Սիրիայում բիզնեսով զբաղվելը շատ ավելի դյուրին է եղել, և մեր հարկային-մաքսային համակարգը, չնայած նրան, որ օրենսդրության մեջ շատ բան հստակ գրված է, բարդ է նրանց համար: Օրինակ` նրանք անծանոթ են մաքսային վճարներին: Հաճախակի սեմինարներ կազմակերպելով` մենք փորձում ենք նրանց ավելի իրազեկված դարձնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց` սեմինարավարներից Հակոբ Ավագյանը:
Դասընթացին մասնակցում էին գործարարներ ամենատարբեր ոլորտներից` տեքստիլ արդյունաբերության աշխատողներ, ոսկերիչ, վարսահարդար, հանրային սննդի ոլորտի մասնագետ և այլն: «Այս սեմինարը մեզ օգնում է ծանոթանալ Հայաստանի օրենքներին` դրանք մեր բիզնես ծրագրերում նկատի առնելու համար: Ես զբաղվում եմ Մարաշի ազգային ասեղնագործությամբ: Աշխատանքներս հիմնականում վաճառում եմ ցուցահանդեսների ժամանակ կամ պատվերներ ընդունելով: Ինձ համար առանձնահատուկ բարդ էր ինտեգրման գործընթացը, քանի որ ոլորտն ինձ համար նոր է: Սիրայում ես ուսուցչուհի էի աշխատում և Հայաստանում նոր սկսել եմ ձեռներեցությամբ զբաղվել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց դասընթացի մասնակիցներից Հայկուհի Սանթրյանը:
Երկու մասից բաղկացած դասընթացի ընթացքում Հայկական կարմիր խաչի ասոցիացիայի, Առաքելություն հասարակական կազմակերպության, Repat Armenia հիմնադրամի ներակայցուցիչները մասնակիցներին ներկայացրին իրենց կողմից առաջարկվող աջակցության ծրագրերը: