ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի առողջապահության նախարար Սաադ Նայիֆը հաստատել է, որ ենթակառուցվաքծները վերականգնելուց հետո Քեսաբի բժշկական կենտրոնը շուտով կվերսկսի իր աշխատանքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Առողջապահության նախարարը Քեսաբ այցելել էր Համաշխարահային առողջապահության կազմակերպության Դամասկոսի ներկայացուցիչ Էլիզաբեթ Հոֆի, ինչպես նաև Լաթաքիայի բժշկական կենտրոնի տնօրեն Ուաֆիկ Դրուիշի հետ: Նախարարը վստահեցրել է, որ Քեսաբի բժշկական կետրոնի համար բժշկական նոր սարքավորումներ են բերվել Դամասկոսից:
Լաթաքիայի մարզպետ Ահմադ Շեյխ Աբդ ալ Կադիրն իր հերթին նշել է, որ Քեսաբում այժմ սկսել են վերականգնվել անհրաժեշտ ծառայությունները, որոշ խանութներ են բացվել և կյանքն աստիճանաբար վերադառնում է գյուղաքաղաք: Մարզպետը քեսաբցիներին կոչ է արել վերադառնալ իրենց բնակավայրեր: