tert.am – Թերթ.ամ-ը զրուցել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանի հետ, ով պատմում է քաղաքում տիրող իրադրության, հյուպատոսության աշխատանքի մասին, ինչպես նաև անդրադառնում է այն խնդիրներին, որոնց առնչվում են սիրիահայերը։
– Պարո՛ն գլխավոր հյուպատոս, ինչպիսի՞ն է ներկայումս իրավիճակը Հալեպ քաղաքում և նահանգում։
– Զինված հակամարտությունը Հալեպում և հարակից շրջաններում շարունակվում է: Այս ամսվա ընթացքում արձանագրվեց իրավիճակի որոշակի սրում: Ցավոք սրտի, հայերով հոծ բնակեցված թաղամասերը` Նոր Գյուղը, Սուլեյմանիեն, Ազիզիեն և այլն, ևս զերծ չմնացին ուժգին ռմբակոծություններից: Արդյունքում եղան մարդկային զոհեր և վիրավորներ նաև մեր հայրենակիցների շրջանում: Զգալի վնասներ կրեց հատկապես Նոր Գյուղ թաղամասը: Վնասվել են այնտեղ գտնվող Սբ. Գրիգոր Լուսավորիչ և Զվարթնոց եկեղեցիները, հայկական դպրոցները, մանկապարտեզները, տպարանը, Սիրիահայ օգնության խաչի կենտրոնը, ինչպես նաև մեր հայրենակիցներին պատկանող բազմաթիվ տներ և խանութներ: Ռմբակոծության ենթարկվեց նաև Հին Հալեպում գտնվող համայնքի հոգևոր կենտրոն Քառասուն Մանկանց եկեղեցին:
–Որո՞նք են քաղաքի հայության առջև ծառացած առաջնային խնդիրներն այսօր։
– Ինչպես նշեցի, ռմբակոծությունների հետևանքով վնասվել են բազմաթիվ տներ և խանութներ: Այս պահի դրությամբ բազմաթիվ բնակավայրեր երբեմնի ծաղկուն և հայահոծ Նոր Գյուղ թաղամասում անբնակելի են դարձել, ինչի հետևանքով մեր շատ հայրենակիցներ լքել են իրենց տները. ոմանք տեղափոխվել են Լաթաքիա, շատերն էլ Հալեպի այլ` ավելի ապահով թաղամասեր, որտեղ ունեն հարազատներ և բարեկամներ, իսկ ոմանք էլ ուղղակի ապաստան են գտել Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում: Զգալի են նաև մեր հայրենակիցների կրած նյութական վնասները, այս իրավիճակում շատերը զրկվել են նաև իրենց գոյությունը պաշտպանելու միջոցներից։
Զինված հակամարտության հետևանքով վատթարացել է նաև քաղաքի սոցիալ-տնտեսական և հումանիտար իրավիճակը: Խափանումներով է գործում քաղաքի էլեկտրամատակարարումը, իսկ հիմնական ջրամատակարար խողովակի պայթեցման հետևանքով ավելի քան 10 օր քաղաքում ամբողջապես դադարել էր ջրամատակարարումը:
– Ինչպե՞ս է նման պայմաններում իր գործունեությունը կազմակերպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:
– Նախ նշեմ, որ հաշվի առնելով քաղաքի հայության առջև ծառացած դժվարությունները, այսօր գլխավոր հյուպատոսությունը ժամանակավորապես տեղափոխվել է հայաշատ թաղամասերին ավելի մոտ տարածք, որպեսզի մեր հայրենակիցների համար ավելի դյուրին լինի հյուպատոսություն այցելելը: Բացի այդ, հունիս ամսից սկսած վերսկսել ենք քաղաքացիության դիմումների ընդունումը, ինչը ժամանակավորապես կասեցվել էր փոստային կապի իսպառ բացակայության պատճառով: Եվ պետք է նշեմ, որ արդեն մոտ երկու հարյուր մեր հայրենակիցներ են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով: Գիտեք, հավանաբար, որ համաձայն քաղաքացիության մասին ՀՀ օրենքի, ազգությամբ հայերը քաղաքացիություն են ստանում պարզեցված կարգով, իսկ համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման, Սիրայի քաղաքացիները կարող են ՀՀ անձնագրեր ստանալ նաև ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում:
Ավելացնեմ, նաև որ թե′ քաղաքացիության և թե′ մուտքի արտոնագիր ստանձնելու հետ կապված հյուպատոսական ծառայությունները Սիրիայի մեր հայրենակիցների համար մատուցվում են անվճար:
Սիրիայում ՀՀ դեսպանության և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության գործունեությունը շարունակելու վերաբերյալ քաղաքական որոշման լույսի ներքո մենք շարունակում ենք մեր աշխատանքը` փորձելով հնարավորության սահմաններում թեթևացնել այն ծանր բեռը, որ այսօր ծառացած է սփյուռքի ամենածաղկուն հայկական համայնքներից մեկի ուսերին:
–Ի՞նչ կարող եք ասել Հալեպի համայնքային կառույցների մասին։
–Պետք է արձանագրել, որ Հալեպի հայության վիճակը շատ ավելի ծանր կլիներ, եթե այստեղ իրենց արդյունավետ և համակարգված գործունեությունը չծավալեին համայնքային մեր բոլոր կառույցները, որոնք կարելի է ասել. անցել են արտակարգ իրավիճակում աշխատելու ռեժիմին: Համայնքում գործում է շտապօգնության և վերականգնման մարմինը, որում ընդգրկված են համայնքապետերը, ավանդական կուսակցությունների և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչները: ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական ինտենսիվ կապի մեջ է վերջիններիս հետ` փորձելով հնարավորության սահմաններում համատեղ լուծումներ գտնել առկա խնդիրներին