nyut.am – Քեսաբն ինչպես հանկարծակի գրավվել էր, այնպես էլ հանկարծակի ազատագրվեց երկու օր առաջ: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով Քեսաբի շուրջ ծավալված վերջին իրադարձությունների մասին, նշեց արաբագետ Հայկ Քոչարյանը` ընդգծելով, որ այն, ինչ տեղի ունեցավ Քեսաբում, հետևանք էր Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի վերընտրության և լեգիտիմության ամրապնդման. «Ընդհանրապես, տարածաշրջանում փոխվել է հետագա զարգացումների տրամաբանությունը»,- ասաց նա:
«Թուրքիայի այն հայտարարությունը, թե փակում է զինյալների ճանապարհը, իրականությանը չի համապատասխանում, ընդհակառակը` Թուրքիան լայնամաշտաբ աջակցություն է ցուցաբերել զինյալներին և այժմ էլ ցուցաբերում է: Քեսաբի ազատագրման պահին զինյալների թիվն այնտեղ փոքր էր: Հիմնականում մարտերը Քեսաբին հարակից բարձունքների համար էին մղվում, դրա համար էլ Քեսաբում ավերածություններն ու զոհերը քիչ էին»,- կարծիք հայտնեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը` հավելելով, որ, ընդհանրապես, տարածաշրջանը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած. «Իսլամական ներուժը որոշակի քայլեր է անում իր ծրագրերը, այն է` իսլամական պետության կառուցումն իրականություն դարձնելու համար: Այս պարագայում տարածաշրջանում էթնոդավանական փոքրամասնությունների և հատկապես քրիստոնյաների ապագան վտանգված է»:
Անդրադառնալով տարածաշրջանում հայության ճակատագրին` բանախոսները նշեցին, որ հայությունը փորձեր է անում վերադառնալ Քեսաբ:
«Քեսաբահայերը փորձելու են վերականգնել այն, ինչ կար Քեսաբում մինչդ դրա գրավումը: Կարծում եմ, որ այս գործընթացում ՀՀ-ն ևս պետք է հումանիտար աջակցություն ցուցաբերի հայերին»,- նշեց Հայկ Քոչարյանը` ընդգծելով, որ Քեսաբը դեռևս վտանգավոր տարածք է. «Վտանգը միշտ էլ դամոկլյան սրի պես կախված է քեսաբահայության գլխին, բայց եթե նրանք ցանկանում են վերադառնալ, դա նրանց ընտրությունն է և նրանց պետք է տրվի այդ հնարավորությունը»:
Սարգիս Գրիգորյանն էլ հավելեց, որ Սիրիայի ներկայիս իշխանությունները մեծ անելիք ունեն, որպեսզի հետագայում բացառեն նման դեպքերը: Ինչ վերաբերում է Հալեպին, ապա, արաբագետի խոսքով, այնտեղ լարվածությունը դեռևս շարունակվում է. «Հրթիռները շարունակում են ընկնել: Կառավարական ուժերը փորձում են միջոցներ ձեռնարկել, բայց դեռևս ապարդյուն»,- ասաց նա:
«Տրամաբանությունը հուշում է, որ Քեսաբից հետո կառավարական ուժերը պետք է կենտրոնանան Հալեպն ազատագրելու վրա»,- հավելեց Հայկ Քոչարյանը` նշելով, որ վերջին շրջանում սկսում է սահմանագծվել, թե որ տարծքները որ ուժերի իշխանության տակ են լինելու. «Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ կարծես թե Հալեպը լինելու է իշխանական ուժերի ազդեցության տակ»: