yerkirmedia.am – Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանն ազատագրվել է իսլամ զինյալներներից։ Այդ մասին հաղորդում են միջազգային լրատվական գործակալությունները եւ սիրիական լրատվական պաշտոնական աղբյուրները։
Քեսաբի մեր հայրենակիցներից ստացված տեղեկության համաձայն, շաբաթ սկսված գործողության արդյունքում սիրական բանակային ուժերը եւ կամավորական խմբերը կարողացել են գրավել ռազմավարական բարձրունքներ եւ շարժվել դեպի Քեսաբի կենտրոն։ Ազատագրելով Քարադուրան, Երկու աղբյուր գյուղերն ու ռազմավարական բարձրունքները՝ բանակն այսօր արդեն հաստատվել է քաղաքում, պետական դրոշ բարձրացրել քաղաքապետարանի վրա։
“Ալ Նուսրա” խմբավորման անդամները, որոնց շարքերում եղել են թուրքմեններ, չեչեններ, եւ որոնք ստանում էին Թուրքիայի պետական աջակցությունը, փախել են Քեսաբից։
Նախապես հաղորդվում էր, որ Թուրքիան փակել է պետական սահմանն՝ ապստամբների մուտքն իր երկիր թույլ չտալու համար։ Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանց, այնուամենայնիվ, հաջողվել է մտնել Թուրքիայի տարածք՝ Հաթայի, պատմական Ալեքսանդրեթի շրջան։
Ազատագրման լուրը ստանալով՝ մեր հայրենակիցներից որոշներն արդեն ուղղվել են Քեսաբ։ Բանակն առայժմ արգելում է բնակչության մուտքը քաղաքաք, քանի որ իրականացնում է ականազերծման աշխատանքներ, պայթեցնում բոլոր վտանգավոր զինամթերքները։
Քեսապը մարտի 21-ից հակակառավարական զինյալների վերահսկողության տակ էր, որոնք քաղաքի վրա հարձակվել էին թուրքական սահմանից: Քեսապի հայ բնակչության մեծ մասը տարհանվել էր Սիրիայի ծովափնյա Լաթաքիա քաղաք, ինչպես նաեւ Լիբանան՝ Բեյրութ եւ Այնճար: Երկու տասնյակ հայ ծերեր քաղաքի գրավումից հետո տեղափոխվել էին Թուրքիայի վերջին հայաբնակ Վաքըֆ գյուղ: Ավելի ուշ նրանց հնարավոր եղավ տեղափոխել Բեյրութ։