panorama.am – 7 գյուղի գյուղապետ: Քեսաբահայ Շահե Աբելյանն է, 7 գյուղը ղեկավարել է 24 տարի, գործը թողել` ստիպված: Նրա ընտանիքն էլ մյուս մոտ 750-ի նման մարտի 20-ի լույս 21-ի գիշերը արթնացավ ռումբերի ձայնից. Թուրքիայի սահմանով Քեսաբ թափանցած ահաբեկիչները ռմբակոծում էին ավանն ու շրջակա գյուղերը:

«Թուրքիայի բոլոր սահմանները բացեցին, ահաբեկիչները հարձակվեցին` թուրք, աղվան, արաբ: Տարբեր մարդիկ, վարձկաններ, հարձակվեցին մեզ վրա` հրթիռներով և զենքերով: Քեսաբը գրավեցին, մեր տները թալանեցին, այրեցին»,- հիշում է քեսաբահայը:

«Առավոտյան ժամը 4-ն անց կեսն էր, գյուղում ոչ թե աքաղաղը կանչեց, այլ ռումբեր պայթեցին, վերևից թափվում էին»,- պատմում է Շահեն:

Միայն հինգ հրթիռ ընկնում է Շահեի տան շուրջբոլորը, պատուհանները փշրվում են, իրենք փախնում են առանց հետ նայելու. «Երբ սկսեցին հրթիռ արձակել, ժողովուրդը քնած էր: Երեք պստիկ ունեմ, պստիկներիս անկողնուց վերցրինք, գիշերանոցով փախանք:

Հրթիռը Քեսաբի վրա անձրևի նման էր իջնում: Ժողովուրդը փախավ, չէին կարող դիմադրել: Զորքը դիմադրում էր, բայց…

Չկարողացան: Շատ էին, թուրքն էլ շատ օգնեց իրենց: Սիրիական բանակի զինվորների տանկերը զարկեցին, մենք փախանք»:

Ըստ նրա, եթե ահաբեկիչները միայն զենքով հարձակվեին, հրթիռ չլիներ, կկարողանային ինքնապաշտպանվել:

«Հրթիռը նետում են, կգա, ուր կնգնի, չգիտես: Տանդ մեջ ընկնի, պստիկները… ամեն մարդ ուզեց իր ընտանիքը փրկել: Դրա համար էլ փախանք»,- կցկտուր հիշողություններն է կիսում նա:

Լաթաքիա հասնում ենք մեքենաներով, տրակտորներով… Քեսաբը Լաթաքիայից մոտ 65 կմ է հեռու, 1 ժամ անց արդեն տարհանված հայ ընատնիքների մեծ մասը եկեղցում էր, մյուսները` ակումբներում, հարազատների ու ծանոթների տանը:

«Մեկ տարեկան երեխայից մինչև 90 տարեկան ծերը մեկ սրահի մեջ քնեցին: Մինչև այսօր էլ այդ ձևով ապրում են: Շատերը դեռ այնտեղ են»,- ասում է Շահեն:

Այս ընտանիքներից 18-ը բռնեց Հայաստանի ճամփան: Նրանց թվում էր նաև Շահե Աբելյանի ընտանիքը: Մոտ մեկ ու կես ամիս է Հայաստանում է, քսան օր Լաթաքիայի եկեղեցում մնալուց հետո տեղափոխվել են Լիբանան, 15 օր անց էլ եկել Հայաստան:

«Ուզեցինք հայրենիք գալ, մեր հայրենիքն է: Ծնվել ենք մուսուլմանական երկրում, ուզեցինք մեր հայրենիքում ապրել, այն մեր սրտին մոտ է: Ուրախ ենք, որ Հայաստան ենք»,- նշում է նա:

Հայաստան գալուց հետո 15 օր հյուրանոցում են մնացել, մինչև որ կարողացել են վարձով տուն գտնել: Հետո Շահեն սկսել է աշխատել խնամիների հետ, ովքեր Տերյան փողոցում փոքրիկ ճաշարան ունեն: Հիմա օրվա հացն է վաստակում, սեփական գործ սկսելու մասին դեռ չի կարող մտածել:

Հայաստանում եղած դժվարություններին էլ գումարվում են ապրումներն ու մտորումները սեփական տան, ունեցվածքի ու հետևում կրակների մեջ փողած կյանքի մասին. «Հիմա վստահ մեր տները թալանեցին, այրեցին: Վստահ եմ, որ հիմա երթամ Քեսաբ, ոչ տուն պիտի գտնեմ, ոչ ինչ-որ այլ բան: Ամբողջը լցվեց ջուրը: Թալանեցին, լսեցինք, որ տարել են Թուրքիա և այնտեղ վաճառել են ամբողջը»:

Քեսաբում դեռ ապահովություն չկա, չեն կարող հետ գնալ, բայց դրա մասին միշտ են մտածում. «Երեք փոքրիկ ունեմ, չեմ կարող իրենց կյանքը վտանգել: Եթե Քեսաբում կայությունուն հաստատվի, չեմ կարող չգնալ, իմ տունը, կալվածքները, ամեն ինչ այնտեղ է: 54 տարի ես ապրել եմ, 7 տուն ունեմ Քեսաբի մեջ, այստեղ վարձով եմ ապրում: Ամենն այնտեղ եմ թողել: Պիտի երթամ, իմ տունը նորից շինեմ:

Իմ ամբողջ կյանքը թողեցի, մեզ հարգում էին Սիրիայի մեջ, պատիվ ունեինք, կառավարությունը մեր կողքին էր: Մենք Քեսաբը փոքր Հաայստան էինք կոչել: Մենք քեսաբցի ենք, հազարավոր տարիներ քեսաբցի ենք, ոչ մի տեղից չենք եկել: Շատ հարուստ էր իր ամեն ինչով` եկեղեցիներով, ակումբներով, դրոցներով ու մանկապարտեզներով»:

Քեսաբում տեղահանումն առաջին անգամ չէ, նախորդ երկուսը Շահեի պապերն էին ապրել, Քեսաբից այն ժամանակ էլ բոլորը տեղահանվել էին, հետո, ով ողջ էր մնացել, վերադարձել էր ու զրոյից գցել տան հիմքը: Երկու անգամ ջարդ տեսել էին Քեսաբում, տները նույն կերպ այրել էին, մարդկանց կոտորելով փորձել էին կտրել արմատից:

«Դրանից հետո Քեսաբը հանգիստ ապրում էր, ոչինչ չէինք տեսել մինչև այս տարին»,- ասում է Շահեն:

Տարիներ անցը ճակատագիրը պիտի կրկնվեր. թուրքը չէր փոխվել, թիրախն էլ նույնն էր: Նույնն է նաև հայը, սեփական տունը Կիլիկիայի վերջին մասունքում նորից շինելու միտքը հանգիստ չի տալիս, թագավորության վերջին կտորը պահելը սուրբ պարտք է:

Իր պապերի պես Շահեն էլ աչքը հետ` դեպի իր տունն է ապրում, մտքով, որ մի օր նորից կշենացնի իր այն:

http://www.panorama.am/am/society/2014/06/14/shahe-abelyan/