ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանի ս. Սարգիս եկեղեցում հունիսի 13-ին տեղի կունենա հավաքական աղոթք և աջակցության ու բողոքի հանրահավաք: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Հանրահավաքը կկազմակերպվի Թեհրանի հայ առաջնորդարանի նախաձեռնությամբ, որի նպատակն է դատապարտել Սիրիայում, մասնավորապես հալեպահայության նկատմամբ տեղի ունեցող անմարդկային վայրագությունները և Թուրքիայի դերակատարությունն այն իրագործելու համար:
Սիրիայում նախագահական ընտրություններից առաջ հայաշատ Հալեպում, մասնավորապես հայկական Նոր Գյուղ թաղամասում իրավիճակը կտրուկ վատացել է: Ահաբեկիչ խմբավորումների կողմից, որոնց կարևոր մասը թուրք կամ թուրքամետ արմատական ահաբեկչական խմբերն են, տարբեր տեսակի կործանարար հրթիռներ և հրասանդներ են տեղացել և կշարունակեն տեղալ խաղաղ բնակչության վրա: Հայկական Նոր Գյուղ թաղամասում ընկած հրթիռները, մարդկային վնասներից բացի, նյութական սարսափելի վնասներ են պատճառել: Նոր Գյուղում մեծաթիվ բնակարաններ բոլորովին անբնակելի են դարձել, իսկ հարյուրավոր բնակարաններ նորոգելու կարիք ունեն: Երբեմնի հայաշատ Նոր Գյուղ թաղամասն այսօր աղետի շրջան է, ամայացած ու ավերակ: Նոր Գյուղը և հալեպահայությունը կործանման վտանգի առջև են կանգնել …
Կոչ է ուղղվել համայն հայությանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնելու ի նպաստ անմարդկային հրթիռաձգության կասեցման՝ հանուն աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման: