ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը կոչ է անում ամբողջ աշխարհի մեր հայրենակիցներին օգնել սիրիահայությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքը, նախարարությունը տարածել է «Սիրիահայության գոյությունը վտանգված է» խորագրով հաղորդագրություն:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Սիրիայում` մասնավորապես Հալեպում, վտանգված է հայկական երբեմնի ծաղկուն ու բարգավաճ հայ համայնքի գոյությունը: Վերջին ժամանակներում առավել մեծ հաճախականությամբ են ռմբահարվում Հալեպի հայաշատ թաղամասերը, ի մասնավորի` բացառապես հայերով բնակեցված Նոր Գյուղ թաղամասը: Դժբախտաբար կան զոհեր ու վիրավորներ: Գրեթե ավերվել են երբեմնի շեն ու ծաղկուն թաղամասերը, խոնարհվում են հայկական եկեղեցիներն ու դպրոցները, ակումբներն ու մշակութային կենտրոնները:

Սիրիայի մեր քույրներն ու եղբայրները զրկված են գոյատևելու ամենատարրական միջոցներից, օրերով զրկված են ջրից ու սննդից…

ՀՀ Նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով հիմնադրամում բացվել է դրամային և արտարժույթային բանկային հաշիվներ` աղետի մեջ հայտնված սիրիահայությանը օգնելու նպատակով:

Դիմելով մեր համահայկական կազմակերպություններին, հայկական կառույցներին` խնդրում ենք Ձեր բնակության երկրների քաղաքական ղեկավարությունից պահանջել աջակցելու Սիրիայում խաղաղության հաստատման գործընթացին, ինչպես նաև կազմակերպել նյութական միջոցների հավաքում` Սիրիայում բնակվող մեր հայրենակիցներին օգնելու համար»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության վերջում ներկայացված են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարները` սիրիահայությանը օժանդակության նպատակով: «Արմենպրես»-ը ներկայացնում է այդ հաշվեհամարները:

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ

ՀՀ. ք Երևան, Գ.Լուսավորչի 13, 0015
հ/հ No 2470100030900000 (AMD)
հ/հ No 2470100030900001 (USD)
SWIFT: ASHBAM22
«Հայաստան» համահայկական հիմնադրամ,

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ

ՀՀ. ք Երևան, Վ. Սարգսյանի 26/1, 375010
հ/հ 1930000081130104 (EUR)
SWIFT: COVBAM22

«Հայաստան» համահայկական հիմնադրամ: