yerkirmedia – Քեսաբի հայտնի հարիսայի շերեփը, փախլավայի սինին, սեղանը, որի վրա պատրաստում են, կենցաղի այլ իրեր, գործիքներ, որոնք պատմում են Սիրիայի հայաշատ այս բնակավայրի մասին եւ ներկայացնում քեսաբահայերի կենցաղը: Այսպիսի ցուցահանդես Երեւանում կազմակերպելու գաղափարը “Քեսաբ հայրենակցկան միությանն” է, Չարենցի տուն թանգարանի հետ համատեղ:
Քեսաբահայերն էլ շտապում են այստեղ եւ փորձում ներկայացնել իրենց մշակույթը, Քեսաբը, որն այսօր իրենց համար հիշողություն է դարձել:
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանն ասում է՝ մեծ հաճույքով են պատրաստվել ցուցահանդեսին: Այստեղ կարելի է տեսնել նաեւ մի շարք երկրագործական իրեր, բացի դրանից կարելի է տեսնել նաեւ օճառը, որը Քեսաբում պատրաստվում է ձիթապտղից:

Քեսաբցի կանայք էլ շտապում են ներկայացնել իրենց ասեղնագործությունները: Քեսաբցիները կեսկատակ, կեսլուրջ ասում են՝ Քեսաբում են ապրում աշխարհի ամենահմուտ ասեղնագործող կանայք:

Ցուցահանդեսում ներկայացված իրերը տրամադրել են Հայաստանում ապրող քեսաբցիները: Ասում են՝ սա իրենց համար ավելին է, քան հիշողություն: Ամեն անգամ, երբ հավաքվում են եւ հիշում իրենց կյանքը Քեսաբում, ավելի է ամրապնդվում կրկնի այնտեղ վերադառնալու եւ նորից Քեսաբը շենացնելու հույսը: