ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ օգնության միության կենտրոնական վարչությունը խիստ դատապարտել է Հալեպի և հատկապես հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի օրեցօր սաստկացող ու անմարդկային չափերի հասած ահաբեկող ռմբակոծությունները: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից: Քեսաբի հայաթափմանը հաջորդած այդ ակնհայտ հակահայ գործողությունների հետևանքով արձանագրվել են մարդկային զոհեր, քանդվել կամ լուրջ վնասներ են կրել Նոր Գյուղի հայկական կառույցները՝ վարժարանները, Առաքելական և Կաթողիկե եկեղեցիները, գործատեղիներ և բնակարաններ: Մեծ թվով ընտանիքներ դարձել են անտուն: Կրկին անգամ վնասվել է Սիրիայի Օգնության Խաչի ազգային պատսպարանի շենքը ու նաև` բնակչության առողջապահական ծառայություն մատուցող ՍՕԽ-ի միակ բժշկական կենտրոնը:

Հայ օգնության միությունը թիկունք է կանգնում մեր աղետյալ հայրենակիցներին՝ ակնկալելով համայն հայության աջակցությունը՝ ներառյալ հայրենի և սփյուռքի քաղաքական և դիվանագիտական մեր բոլոր ուժերը: