panorama.am – Թուրքիայի Վաքըֆ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում ապաստանած 23 տարեց քեսաբահայերը մինչև ուրբաթ օրը կլինեն Բեյրութում: Լիբանանյան կողմից նրանց տեղափոխման համաձայնությունը ստացվել է: Այս մասին Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով ձևավորված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը:

«Նրանց մինչև ուրբաթ օրը կտեղափոխեն Լիբանան: Այնտեղ նրանք կմնան ժամանակավոր, մինչև ով ուր կուզենա, կգնա: Մի մասը հնարավոր է գնան Լաթաքիա»,- ասաց նա:

Անդրադառնալով Լաթաքիայում մնացած քեսաբահայերին, Ֆիրդուս Զաքարյանն ասաց, որ նրանք սպասողական վիճակում են. «Մի քիչ առաջ եմ խոսել Քեսաբի քաղաքապետի հետ, ասաց, որ սպասում են բնակավայրի ազատագրմանը ահաբեկիչներից, որպեսզի կարողանան տեղափոխվել»:

Հայաստան` Քեսաբի իրադարձություններից հետո քեսաբահայ երկու ընտանիք է տեղափոխվել, այս ընթացքում նորերը չեն եկել: Շատ քեսաբահայեր Լաթաքիայից գնացել են Լիբանան:

Նշենք, որ Քեսաբի իրադարձությունների ընթացքում երկու հայ է զոհվել, մեկը` վիրավորվել: