ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չնայած Սիրիայում տիրող իրավաիճակին՝ հայկական ոչ մի դպրոց և եկեղեցի չի դադարեցրել իր գործունեությունն այնտեղ: Այս մասին սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ նշել է Սիրիայի հայ ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահ Հարություն Սելիմյանը՝ ներկայացնելով վերջին շրջանում Սիրիայում տիրող իրավիճակը։ Նա նշել է, որ Սիրիայի հյուսիսային, հյուսիսարևելյան շրջաններից Հալեպի հայկական թաղամասերի վրա հարձակված զինյալների գործողությունների հետևանքով հալեպահայերի գոյությունը վտանգված է: «Մարդկանց կենսագործունեության համար բացակայում են նվազագույն պայմանները, ազգաբնակչությունը բռնել է արտագաղթի ճանապարհը: Չնայած այս ամենին՝ ոչ մի հայկական դպրոց և եկեղեցի չի դադարեցրել իր գործունեությունը Սիրիայում: Այսօր Քեսաբը ամբողջովին հայաթափված է: Պետք է ամեն կերպ երկխոսության միջոցով նպաստել խաղաղության հաստատմանը և նորից վերակառուցել Քեսաբը:
Հարություն Սելիմյանը բարձր գնահատեց ՀՀ սփյուռքի նախարարության ջանքերը սիրիահայերի խնդիրների լուծմանն աջակցելու համար և շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքների համար: Սիրիայում գործող շտապ օգնության մարմինները ամենօրյա աշխատանքներ են տանում օրհասական վիճակում գտնվող սիրիահայերին աջակցելու համար»,-ասել է Սելիմյանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ղեկավարին է փոխանցվել Թուրքիայի Վաքըֆ գյուղում գտնվող 22 հայերի անունները՝ նրանց Լաթաքիա իրենց ազգականների մոտ տեղափոխելու նպատակով: Նախարարն ասել է, որ եթե հնարավոր լինի կազմակերպել սիրիահայ երեխաների տեղափոխումը Հայաստան, Սփյուռքի նախարարությունը պատրաստ է նրանց ընգրկել նախարարության ծրագրերում, կազմակերպել նրանց ամառային հանգիստը ճամբարներում: Նախարարը ներկայացրել է ներկա պահին քեսաբահայերի օգնության ֆոնդին փոխանցված գումարների չափը, որը կազմել է 12 մլն ՀՀ դրամ, 378 հազար ԱՄՆ դոլար, 10 հազար ռուբլի, 5 հազար եվրո:
Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը ներկայացրել է երևանաբնակ սիրիահայ ընտանիքների սոցիալական աջակցության 2014 թվականի ծրագրի կատարման ընթացքը: Երևանի քաղաքապետարանը շարունակում է աջակցությունը սոցիալապես կարիքավոր սիրիահայ ընտանիքներին: Նախապես կատարվել է սիրիահայ ընտանիքների ուսումնասիրություն և կարիքների գնահատում: Դրամական աջակցություն է տրամադրվել 79 սիրիահայ ընտանիքի: 283 սիրիահայերի տրամադրվել են կենցաղային, պարենային ապրանքներ, հագուստ, գրենական պարագաներ: Կան պետական սոցիալական աջակցության ծրագրերում ընգրկված սիրիահայ ընտանիքներ: 2014թ ՀՀ քաղաքացիություն ունեցող 28 սիրիահայեր հաշվառվել և ձեռք են բերել կենսաթոշակ ստանալու իրավունք:
Շեշտվեց, որ առաջնահերթ խնդիրներից է բնակարանների վարձավճարների փոխհատուցումը: 179 սիրիահայ ընտանիքների տվյալները փոխանցվել են «Առաքելություն Հայաստան» կազմակերպությանը բնակարանային վարձավճարները փոխհատուցելու նպատակով:
Ներկայացվեց նաև դպրոցներում սիրիահայ աշակերտների ինտեգրման նպատակով նրանց համար կազմակերպված արտադասարանային մշակութային, ռազմահայրենասիրական դասընթացների, ճանաչողական այցելությունների կազմակերպումը: Աշակերտներն ամբողջությամբ ընդգրկված են տարաբնույթ կրթական և մշակութային ծրագրերում: Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց ՀՀ քաղաքացիների համար նախատեսված հիմունքներով սիրիահայ ընտանիքներին ևս սոցիալական ապահովության նպաստների տրամադրումը:
Սիրիահայերի աջակցության ուղղությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կատարած աշխատանքների մասին զեկուցել է հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Նա նշել է, որ 80 մլն դրամ տրամադրվել է սիրիահայերի ուսման վարձավճարների, բուժման և այլ ծախսերը հոգալու նպատակով: Առաջիկա օրերին 60 հազար դոլար կփոխանցեն Սիրիայում Հայաստանի դեսպանություն՝ քեսաբահայերին օգնելու նպատակով: Գումարների մեծ մասը փոխանցել են Հայաստանցի գործարարները:
«Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության գրասենյակի ղեկավար Արամ Խաչատրյանը ներկայացրել է սիրիահայերի աջակցությանն ուղղված աշխատանքները: Կատարվել է սիրիահայերի փետրվար, մարտ, ապրիլ ամիսների բնակվարձերի և կոմունալ ծախսերի փոխհատուցում, առաջիկայում ևս նախատեսվում է հաջորդ երեք ամիսների վարձավճարների փոխհատուցում: Կատարվել է նաև 100 ընտանիքի բնակարանային վարձավճարի փոխհատուցում՝ 50 հազար դրամի չափով: Օգնության նպատակով ընտրվում են սոցիալապես անապահով, եկամտից զուրկ կամ նվազագույն եկամուտ ունեցող ընտանիքներ, ծերեր, բազմանդամ ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող անձինք:
Հայ օգնության միության կատարած աշխատանքների և նախատեսվող ծրագրերի մասին զեկուցել է ՀՕՄ-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Նարինե Գալստյանը: Նա նշել է, որ 2014թ. ընթացքում Հայ օգնության միությունը 125 հազար դոլար է ուղարկել Սիրիա՝ սիրիահայերի կարիքները հոգալու համար, որից 75 հազար դոլարը տրամադրվել է հայկական վարժարանների ֆոնդին՝ նրանց գործունեությունը շարունակելու նպատակով:« Տաքուկ բնակարան» ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվել182 ընտանիքի:
Ամփոփելով նիստը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ ճգնաժամը Սիրիայում գնալով խորանում է, և մենք պետք է պատրաստ լինենք ընդունել հայրենիք վերադարձող սիրիահայերի նոր հոսքի: Գնահատելով ստեղծված իրավիճակը՝ նախարարը կարևորեց արտակարգ իրավիճակում հայկական սփյուռքին օգնության կազմակերպման ռազմավարության մշակումը: