tert.am – Իրավիճակը Հալեպում վերջին շաբաթների ընթացքում դարձյալ լարվել է։ Գերլարված է վիճակը նաև Հալեպի շրջակայքում, որտեղ չափազանց թեժ մարտեր են ընթանում սիրիական բանակի և զինյալ ընդդիմադիրների միջև, տեղեկացնում է «Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջը։
Հալեպի հայաշատ շրջաններում թեև ծանր դեպքեր չեն գրանցվել, սակայն շրջակայքում անդադար ռմբակոծությունների ձայներ են լսվում։

Այդ բախումների և անապահով վիճակի պատճառով գրանցվել են զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ նաև հալեպահայեր։

Ապրիլի 17-ին Հալեպի Լերամուն շրջանում զինյալ բախումների հետևանքով գլխին ստացած փամփուշտից վիրավորվել է սիրիական կառավարական զորքերի զինծառայող, ազգությամբ հայ, 1992թ.-ին ծնված Բաղդիկ Քեշիշյանը, որը տեղափոխվել է Համալսարանական հիվանդանոց։ Իսկ երեկ նա մահացել է հիվանդանոցում։

Հալեպի լրատվական գրասենյակը տեղեկացնում է նաև մեկ այլ հայազգի վիրավորի՝ Սարգիս Մարտիրոսյանի մասին։ Նա այժմ հիվանդանոցում է, և հաղորդվում է նրա առողջական ծանր վիճակի մասին։