Դամասկոսի Հայ կաթողիկե համայնքի ժողովրդապետ հայր Գևորգ վարդապետ Պահեն տեղեկացրել է, որ «Փարոս» հայկական դպրոցի հրթիռակոծումը տեղի է ունեցել առավոտյան 7։44-ին, ինչի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 57 մարդ։ Այս մասին ասվում է Դամասկոսի Հայ կաթողիկե պատրիարքարանի հաղորդագրության մեջ։
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից 6-ի վիճակը ծանր է։ Զոհվածն ու վիրավորների մեծ մասն աշակերտներ են։
Դեպքը խոր հուզում է առաջացրել Դամասկոսի հայկական բոլոր շրջանակներում։
Արյունալի միջադեպից անմիջապես հետո Սիրիայի վարչապետն անձամբ այցելել է հիվանդանոց՝ հետևելու վիրավորների ապաքինման գործընթացին։
Համաձայն նախնական տեղեկությունների՝ վիրավորների թվում երկու հայ աշակերտ և երկու հայ ուսուցչուհի կա։
Վիրավոր աշակերտներն են Նարեկ Մարաշլյանն ու Հակոբ Խտըրլարյանը, իսկ ուսուցչուհիները՝ Սիլվա Լյուլեճյանն ու Ֆրասու Տեշօղլանյանը:
Վարժարան այցելու պահին վիրավորվել է նաև Ռուպա Արիսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ արտգործնախարարության ֆեյսբուքյան էջը տեղեկացրել էր, որ Դամասկոսի Հայ Կաթողիկե դպրոցի ռմբակոծության հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ մոտ 60 անձ։
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ զոհված 9-ամյա երեխան հայ չէ։