tert.am – Սիրիական պատերազմի պայմաններում այնտեղ գտնվող հայկական մի քանի եկեղեցիներ գտնվում են ընդդիմադիրների վերահսկողության տակ, որոնցից որոշները նրանք վերածել են իսլամական ինչ-որ կառույցների: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» գիտաշխատող, ծննդով հալեպցի, հուշարձանագետ Րաֆֆի Քորթոշյանը:
Նրա փոխանցմամբ՝ հայկական բնակավայրերի մասին քիչ են տվյալները, հատկապես այն վայրերում, որտեղ ընդդիմադիր ուժերն իրենց վերահսկողությունն են իրականացնում, բայց տեղեկություններ կան, որ Լագգայի Հայ կաթողիկե եկեղեցին գտնվում է ընդդիմադիր ուժերի հսկողության տակ: «Եկեղեցին հիմա չի գործում, այն վերածել են իսլամական մի կառույցի»,-ասաց Րաֆֆի Քորթոշյանը:
Վերջինիս խոսքով՝ Թալաբիաթ գյուղաքաղաքի Հայ առաքելական եկեղեցին, որը նույնպես ընդդիմադիրների հսկողության տակ է, տեղեկություններ կան, որ վնասվել է: Դրանից բացի Հալեպի Նոքյո թաղամասի Սուրբ Գևորգ եկեղեցին էր մեկ տարի առաջ հրկիզվել, Հալեպի հայկական ծերանոցը և դրա ներքնահարկում գտնվող փոքր մատուռանման մի կառույց:
«Որպես հուշարձան նաև Հալեպի երեք համայնքների գերեզմանոցն է ավերվել, որոնցում հայ կաթոլիկներն ու ավետարանչականներն ունեին մատուռներ»,- ասաց նա:
Քեսաբից լուրերը շատ տարբեր են, և ինչպես հուշարձանագետը նշեց, լրատվամիջոցներում երևում է, որ այնտեղի եկեղեցիները նորմալ վիճակում են գտնվում, սակայն հստակ տեղեկություններ չկան: «Քեսաբի շրջկենտրոնում կար երեք եկեղեցի, գյուղերում նույնպես եկեղեցիներ կան, դրանք գտնվում են ընդդիմադիրների ձեռքում, բայց դրանց մասին կրկին հստակ տեղեկություններ չկան»,- եզրափակեց նա: