ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմինը հավաքագրել է 10 000 ԱՄՆ դոլար, որը կուղղվի քեսաբահայության կարիքներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամաի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանային մի քանի կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները:
Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սնունդով ապահովել է բնակիչներին: Տեղեկություններ են հաղորդվել, որ նրանց ունեցվածքը թալանվել եւ Թուրքիա է տարվել: «Հայաստան» համահայկական հիմնադրամը կոչ է հղել հայրենաբնակ եւ սփյուռքահայ բոլոր անհատներին եւ կազմակերպություններին բարոյական եւ նյութական աջակցությամբ սատարել ծանր օրեր ապրող քեսաբահայությանը եւ բացել է հաշվեհամար: Նվիրատվությունները հնարավոր է ուղղել Արդշինինվեստբանկում բացված հետեւյալ հաշվեհամարներին` 247010003090 (ՀՀ դրամ), 247010003090/0001 (ԱՄՆ դոլար), SWIFT: ASHBAM22: