yerkirmedia.am – Կառավարությունը նաեւ Քեսաբի մեր հայրենակիցներին օգնելու ձեռք է մեկնում: Ինչպիսի՞ն է իրավիճակը՝ վարչապետի հորդորով այսօր կառավարության նիստում զեկուցեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
670 ընտանիք հայտնի դեպքերից հետո տեղահանվել է, որից 400-ը Լաթաքիայում է եւ Դամասկոսում, մեկ տասնյակ ընտանիք տեղափոխվել է Բեյրութ եւ Այնճար, 38 հոգի պատանդ է մնացել Քեսաբում, նրանցից 24-ը վերադարձվել է, 3 մարդ բռնի տեղափոխվել է թուրքական Վաքըֆ գյուղ. նրանք ողջ են: Իսկ Քեսաբում մնացածների հետ հեռախոսակապ կա:
Հայկական բոլոր կառույցները Սիրիայում վերջին երեք տարիների դեպքերի առնչությամբ ստեղծել են շտապօգնության կառույցներ, որոնց մեջ մտնում են մեր եկեղեցիները, կուսակցությունները ու բարեգործական կազմը:
“Եթե հանկարծ նրանք գան հայրենիք, մեր բոլոր կառույցները պատրաստ կլինեն ինչպես Սիրիայի մյուս քաղաքացիների, այնպես էլ քեսաբահայերի համար օգնություն կազմակերպել”,- ասաց Հրանուշ Հակոբյանը։
“Ուղղակի մեր քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ մեր ամենօրյա հսկողության տակ գտնվող խնդիր է, եւ կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի այն հոգսերը, որ այսօր ընկել են մեր հայրենակիցների ուսերին, լուծվեն եւ մենք պետք է կանգնած լինենք նրանց կողքին”,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ոչ միայն քեսաբահայերի վիճակը, այլեւ նրանց պահանջը նախարարը ներկայացրեց. խնդրում են, որ միջազգային կառույցների վրա Հայաստանի կողմից ճնշումն ավելացվի: