tert.am – Հայաստանի արտգործնախարարությունն իր ունեցած հնարավորությունների 10 տոկոսն է օգտագործում միայն, այնինչ այն պետք է հայ համայնքների հետ աշխատելու գլոբալ ռազմավարություն մշակի, այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանում տեղի ունեցող իրադարձություններին ու այդ իրադարձություններին հայկական կողմի՝ մասնավորապես լրատվամիջոցների աշխատանքին, ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը:
«Այնպիսի տպավորություն է, որ հայ համայնքներին հիշում են այն ժամանակ, երբ պետք է գումար հավաքեն կամ՝ մարաթոնի ընթացքում: Մնացած դեպքերում բարձիթողի վիճակ է»,- ասաց Տիգրան Քոչարյանը:
Անդրադառնալով լրատվամիջոցների աշխատանքին՝ նա ասաց, թե Քեսաբի հարցում, վերջապես, մենք ունեցանք վստահելի աղբյուրներ, դա և՛ համայնքն է, և՛ հայ պատգամավորների խումբը, որ մեկնեց Լաթաքիա: «Նրանք այդ քայլով սահմանափակեցին ապատեղեկատվությունը»,- նշեց Տիգրան Քոչարյանը:
Նա ասաց նաև, թե մեր լրատվամիջոցները շատ զգույշ են աշխատում։ «Հայկական լրատվական դաշտն իրեն շատ զգուշավոր, չափավոր ու օպերատիվ է պահում։ Պարզապես մենք պետք է զգուշորեն տարածենք արտասահմանից եկող ինֆորմացիան, քանի որ դրանցում կարող է ապատեղեկատվություն լինել, իսկ մեր տարածած տեղեկատվությունից օգտվում են նաև Սիրիայում գտնվող մեր հայրենակիցները»,-ընդգծեց տեղեկատվական անվտանգության փորձագետը։
«Ազգ» շաբաթաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը ևս անդրադառնալով Քեսաբում տեղի ունեցող իրադարձություններին հայկական լրատվամիջոցների արձագանքին՝ ասաց, թե ի տարբերություն նման այլ դեպքերի, մեր մամուլը Քեսաբին անդրադառնում է բավական լրջորեն, բայց ներքին քննության, վերլուծության իմաստով մենք չկարողացանք բարձունքի վրա գտնվել։
«Շատերը նույնիսկ առաջին անգամ էին լսում Քեսաբ տեղանունի մասին։ Ինչի՞ համար ենք մենք միայն արձագանքողի դերում գտնվում»,- հարցադրում արեց Հակոբ Ավետիքյանը՝ շարունակելով, թե ինչ վերաբերում է դեպքերը կանխելուն, ապա մենք լրիվ անպատրաստ ենք։
Հակոբ Ավետիքյանի խոսքով՝ աշխարհը վերջին երեք տարիների ընթացքում տեղեկատվական պատերազմի մեջ է, և մենք ինչ–որ չափով զիջում ենք այդ հարցերում։
«Այո՛, պետական, ազգային միջոցներ են պետք, չպետք է թողնել, որ լրագրողներն իրենք աճեն։ Այս հարցում լուրջ աշխատանքներ պետք է տարվեն պետական մակարդակով»,-նկատեց «Ազգ»-ի գլխավոր խմբագիրը:
Տիգրան Քոչարյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է լրջորեն զբաղվի նրանով, որ հայերը հստակ իմանան, թե որտեղ են հայեր ապրում, պետությունը պետք է հստակ ծրագիր մշակի, տարբեր ազդեցության լծակներ ունենա՝ համայնքների տեսքով:
«Պետք է տեղեկատվական հստակ քաղաքականություն ունենալ. ճիշտ է տարվում են աշխատանքներ, բայց դեռ դրանք բավարար չափով չեն»,- նշեց Տիգրան Քոչարյանը: