panorama.am – Քեսաբը չլքած, ապա առևանգված և Թուրքիա տարված 22 հայերից երեքին այսօր ազատ կարձակեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՍԴՀԿ Հայաստանի կառույցի փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը: Մյուս 11 հայերի ճակատագիրն անհայտ է. տեղեկություններ չկան, թե որտեղ են նրանք:

Նա նշեց, որ այդ մարդիկ հիմնականում տարեցներ են. «Չեն ուզել գնալ, ասել են, մենք կմնանք, մեր հողի մեջ կմեռնենք: Ազատ արձակվածները երկու ամուսիններ են և Ստալին մականունով հայտնի մի պապիկ, որ նախկինում ուսուցիչ է եղել»:

Վազգեն Մեսրոպյանը հայտնեց, որ Քեսաբում զոհեր չկան, կա միայն երկու վիրավոր, որոնց մասին բջջային հեռախոսի կարճ հաղորդագրությամբ տեղեկացրել են ահաբեկիչները: Նա հավելեց, որ համացանցում տարածված սարսափելի նկարները հայերի հետ կապ չունեն, պարզապես տարածում են մարդկանց ահաբեկելու համար:

Մարդիկ, որ հապճեպ թողել են Քեսաբն ու գնացել են Լաթաքիա, նույնիսկ բջջային հեռախոսներն են թողել:

«Այդ բջջայիններից օգտվում են ահաբեկիչները: Զանգում են, ասում՝ «մենք ձեր տանն ենք, այսպիսի բան պիտի անենք, պիտի սպանենք ձեզ»: Բոլոր տները թալանված են: Մեր հայ ընտանիքների ունեցվածքն այսօր արդեն Թուրքիայում վաճառում են: Բախումների հետևանքով տներ են քանդվել, այրվել են: Բոլոր հայերը, որոնք Լաթաքիայում են, Աստվածածին եկեղեցում էին, մեծ մասը արդեն բարեկամների, ծանոթների, բարերաների օգնությամբ տներում են տեղավորվել: Քիչ թվով մարդիկ են մնացել եկեղեցում, Շտապ օգնության մարմինը աջակցում է նրանց»,- ասաց նա:

Panorama.am-ի հարցին՝ ինչ՞ վիճակում է հայկական եկեղեցին, պատասխանեց. «Ահաբեկիչները հայկական եկեղեցում են, իջեցրել են խաչը: Ներսի բոլոր խաչերն էլ են հանել: Բայց սա երկար չի մնա»:

Անդրադառնալով Թուրքիայի այն հայտարարությունը, թե իրենց դռները բաց են, կընդունեն հայերին, Վազգեն Մեսրոպյանն ասաց, որ սա ծիծաղելի է. «Նման հայտարարություն է անում այն երկրի արտգործնախարարը, որն առաջինն է կրակը բացել, հանել է սահմանի փշալարերն ու թողել, որ ահաբեկիչները հարձակվեն Քեսաբի վրա»:

Վազգեն Մեսրոպյանի բնորոշմամբ, հայ ժողովրդի պահանջն է, որ միայն դատապարտում չլինի, «այլ պետք է ԱԳ նախարարը միջազգային բոլոր հարթակներում բողոքով ներկայանա անմիջապես ցեղասպան Թուրքիայի դեմ»:

«Թուրքիան էլի իր ցեղասպանությունն արեց: ԱԳ նախարարը թող պաշտոնական դիմում ներկայացնի, պատժամիջոցներ կիրառեն ոճրագործ Էրդողանի և նրա կառավարության նկատմամբ: Պատգամավորները, որ գնացին, միայն տեղեկացան, իմացան ինչ է պետք և հանդիպեցին նախագահի հետ: Բայց շարունակությունն ո՞ւր է, մենք չենք տեսնում շարունակությունը: Դատապարտումը մեզ հերիք չէ»,- շեշտեց նա:

Անդրադառնալով Հալեպին, Վազգեն Մեսրոպյանն ասաց, որ հալեպահայերը երեք տարի է՝ հերոսաբար ապրում են ռմբակոծությունների տակ. «Ահաբեկիչների կողմից հայտարարություն եղավ, որ գնդակոծելու են քրիստոնեական բնակավայրերը: Հալեպի հայաշատ հատվածներում օրական մոտ 15 ռումբ է ընկնում, մեկ շաբաթ է կապ չկա, լույս չկա: Չպետք է մոռանալ Հալեպը»:

Նախորդիվ՝