yerkirmedia.am – Մինչ Վաշինգտոնի հայտարարությունը Քեսաբի դեպքերի մասին, Ամերիկայի հայ համայնքի ներկայացուցիչների եւ հոգեւոր առաջնորդների պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնյաների հետ եւ կոչ արել ամերիկյան կառավարությանն՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել Սիրիայում պատմականորեն հայկական Քեսաբ քաղաքի վրա Թուրքիայից ահաբեկիչների հարձակումներին վերջ տալու համար: Այդ մասին հաղորդում են Ամերիկայի Հայ դատի գրասենյակի մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչներն ընդգծել են, որ Միացյալ Նահանգները պատասխանատու են Քեսաբի քաղաքացիների պաշտպանության համար, առավել եւս, որ այդ շրջանի բնակիչների ընտանիքներն առավելապես ապրում են ԱՄՆ-ում, ձգտում են ապահովել նրանց պաշտպանությամբ ու ապաստանով:
Պատվիրակությունն ամերիկացի պաշտոնյաներին մի շարք պահանջներ է ներկայացրել, մասնավորապես՝ հրապարակայնորեն դատապարտել “Ալ-Քաիդայի” հետ կապ ունեցող ահաբեկիչների հարձակումները, Թուրքիայի ցուցաբերած աջակցությունն այդ հարձակումներին: Պատվիրակությունը նաեւ խնդրել է ԱՄՆ-ին՝ անմիջապես հեռացնել ծայրահեղականներին, որպեսզի քաղաքացիական անձինք կարողանան վերադառնալ իրենց տները, կոչ է արել վերականգնել Քեսաբի շուրջ ապառազմականացված գոտիները: