Արամ Ա Կաթողիկոսը ՄԱԿ-ին առաջարկել է քննել Քեսաբի շրջանն ապազինելու հնարավորությունըՄարտ 28, 2014 | 13:01
Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի քաղաքական հարցերով պատասխանատու Ջեֆրի Ֆելթմանը, մարտի 27-ի երեկոյան զանգահարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ին՝ կապված Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

Կաթողիկոսության կայքի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի պաշտոնյան Արամ Ա-ին հայտնել է, որ ՄԱԿ-ը մտահոգ է Քեսաբում ստեղծված իրավիճակով եւ, որ ինքն այս հարցով հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի, ինչպես նաեւ՝ ՄԱԿ-ում Հայաստանի եւ Թուրքիայի դեսպանների հետ։

Արամ Ա. կաթողիկոսը Ֆելթմանին է ներկայացրել Քեսաբում տիրող վիճակն ու ընդգծել է թուրքական գործոնի կարեւորությունը։

Նա ՄԱԿ-ին առաջարկել է քննել Քեսաբի շրջանն ապազինելու հնարավորությունը։ Ֆելթմանը կառուցողական է համարել Վեհափառի առաջարկը, եւ խոստացել այդ հարցով խորհրդակցություն ունենալ Լախդար Բրահիմիի հետ։