ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղահանված քեսաբցիները Հալեպի ազգային իշխանությունների հոգատարության տակ են: Քեսաբահայերը կվերադառնան իրենց օջախները, երբ անվտանգ պայմաններ ստեղծվեն: Անհրաժեշտ է միջազգային ատյաններում դատապարտել Թուրքիայի գործելաոճը, որն ագրեսիա է ձեռնարկում Սիրիայի դեմ:

Մարտի 26-ին հրավիրած ուսուլիսում «Հալեպի ազգային իշխանության» ներկայացուցիչ Ներսես Սարգիսյանը նշեց, որ քեսաբցիները հոգեպես ցնցված են, սակայն հնարավորը կարվի, որ նրանք ոչնչի կարիք չզգան: «Այսօր ազգային իշխանություններն առավելագույնն են անում բոլորի կարիքները հոգալու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սարգիսյանը՝ հավելելով, որ Կարմիր մահիկի կազմակերպությունը, Կիլիկիո կաթողիկոսությունը, ՀՕՄ-ը նույնպես օժանդակում են քեսաբցիներին: Նրա կարծիքով՝ այս փուլում Քեսաբի հարցով հայության ձեռնարկվելիք գործողությունները պետք է լինեն քաղաքական և մարդասիրական հարթություններում: Սարգիսյանը նշեց, որ անհրաժեշտ է բողոքի ցույցեր ծավալել և ճնշում գործադրել Թուրքիայի վրա: «Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է և այսօր էլ ագրեսիա է ձեռնարկել, հատել է մեկ այլ երկրի սահմանները՝ իր մասնակցությամբ քաջալերելով ահաբեկչությունը»,- նշեց Սարգիսյանը:

«Հալեպի ազգային իշխանության» ներկայացուցիչ Կարո Յուզբաշյանը նշեց, որ Քեսաբի հայությունը կվերադառնա, երբ ապահով վիճակ ստեղծվի իր բնօրրանում: Թուրքիայի գործոնը Քեսաբի իրադարձություններում շատ բացահայտ է: «Թուրքիան օժանդակել է ամեն կերպ, նույնիսկ մասնակցել է: Թուրքիայի գործոնը մենք պետք է շատ բացահայտ դարձնենք»,- ասաց Յուզբաշյանը՝ հավելելով, որ Հայաստանը պետք է միջազգային ատյաններում հստակորեն դատապարտի Թուրքիայի դերակատարությունը Քեսաբի տեղահանության հարցում:

Նա նշեց, որ պարտադրված արտագաղթելու դեպքում սիրիահայի առաջին սևեռակետը Հայաստանի Հանրապետությունն ու Արցախն են՝ կախված նրա մասնագիտական գործունեության ոլորտներից:

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող հայկական հոծ բնակչություն ունեցող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին, Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում բնակիչներ գրեթե չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում:

Քեսաբի հայաթափությունը համախմբել է համայն աշխարհի հայության ջանքերը:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը մարտի 24-ին հայտնել է, որ Սիրիայի հայաբնակ Քեսաբի շրջանի տեղահանված հայերի հարցը ՀՀ ԱԳՆ ուշադրության կենտրոնում է: Հայաստանը փորձում է ուղիներ գտնել Քեսաբից տեղահանված եւ Լաթաքիայում հանգրվանած հայերին հնարավորինս տարբեր ձևերով օժանդակություն հասցնել: Միաժամանակ, ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ հայտարարություն են ընդունել վերջին օրերին հայաշատ Քեսաբ գյուղաքաղաքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ միջազգային հանրությունից պահանջելով ՄԱԿ-ի դիտորդներ ուղարկել այնտեղ: Քեսաբի հարցով մարտի 24-ին Հաագայում հայտարարություն է արել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ հայերի տեղահանությունը համարելով ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված մարտահրավեր: Մարտի 25-ին ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ մեկնել են Սիրիա՝ Քեսաբի իրադրությանը և հայության խնդիրներին տեղում ծանոթանալու համար: