yerkirmedia.am – “Քեսաբի հայաթափման հարցում թուրքական գործոնն ակնհայտ է, եւ մեր խնդիրը պետք է լինի սա բարձրաձայնել առաջին հերթին միջազգային տարբեր ատյաններից”. Հալեպի Ազգային իշխանության ներկայացուցիչներ Ներսես Սարգիսյանի եւ Կարո Յուզբաշյանի համոզմունքն է:
“Սա ազգային խնդիր է, քանի որ Քեսաբի հայաթափման հարցում թրքական գործոնը մեծ է: Եվ մեր իշխանությունների խնդիրը մարդասիրական օգնությունից բացի, այս հարցը միջազգային ամբիոններից բարձրաձայնելն է”,- ասաց Ներսես Սարգիսյանը:

Նրանց կարծիքով, ավելին՝ Հայաստանի իշխանությունները կարող են սա հենց ծառայեցնել Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի իսկական նկարագրի բացահայտմանը:

“Այս երեք տարիների ընթացքում հայության կորուստները Սիրիայում մեծ են, բայց Քեսաբի հարցն այնքանով է տագնապալի, որ վտանգված է Կիլիկյան Հայաստանի վերջին մնացորդը”,- ասում են նրանք՝ վստահ, որ Սիրիայի իշխանություններն ամեն ինչ կանեն Քեսաբը հայությանը վերադարձնելու համար:

Բայց վերադարձը դժվար թե շատ արագ լինի: Քեսաբցիների մեծ մասն ապաստանել է Լաթաքիայում: Նրանց խոսքով, Լաթաքիայիայում քեսաբցիները Սիրիայի իշխանությունների եւ Կիլիկիո կաթողիկոսարանի, Կարմիր մահիկի հոգածության ներքո են, բայց գաղթականների հոգիները ցնցված են: Նրանք չեն բացառել, որ սիրիահայերի մի մասը կարող է հայրենիք տեղափոխվել: Այսպես են բացատրել՝ Սիրիայից դուրս եկող հայի առաջին սեւեռակետը Հայաստանն է, կամ Արցախը. եթե այդ հայը երկրագործ է, կուզենա հաստատվել Արցախում, եթե արհեստավոր է՝ Հայաստանում: