ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաթաքիայում հանգրվանած քեսաբահայերը, անտեղյակությունից ու անորոշությունից դրդված, Քեսաբի իրենց տներ են զանգահարել ու բացահայտել սարսափելի իրականությունը. նրանց տներն արդեն նոր «բնակիչներ» ունեն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ մամլո դիվանից` ներկայացնելով մանրամասներ Քեսաբում բռնարարքների եւ հասցված վնասների մասին: «Սիրիայի Քեսաբ գյուղաքաղաքը միշտ էլ խաղաղ ավան է եղել` ճիշտ բնակիչների նման, ովքեր իրենց օրվա հացը վաստակում էին հողագործությամբ եւ զբոսաշրջության հետ կապված աշխատանք կատարելով: Հիմա, երբ նրանցից շատերը, թողած իրենց տունն ու ունեցվածքը, Լաթաքիայում են, անտեղյակությունից դրդված զանգահարում են սեփական տները, որտեղ արդեն «բնակություն» են հաստատել զինյալները: Օրինակ, խոհարար Մինաս Սողոմոնյանը, երբ զանգահարել էր իր բնակարան իմանալու, թե ով կպատասխանի, զինյալներից մեկը վերցնելով հեռախոսն ասել էր, որ վայելել է նրա պատրաստած ճաշը, որը բավական համեղ էր: Նմանատիպ դեպք պատահել էր նաեւ Ժոզեֆ Քելաղպյանների հետ, ում տուն ներխուժած զինյալները եւս վայելել էին նրանց ուտելիքները:

Քեսաբահայ Անի Պոյմուշաքյանն էլ, երբ զանգահարել էր Հայ Ավետարանական եկեղեցու գրասենյակ, զինյալները պատասխանել էին, որ եկեղեցին արդեն իրենց հսկողության տակ է եւ իրենք կառույցի հետ կվարվեն այնպես, ինչպես կուզեն: Փարեն Հովսեփյանը զանգել է եւ իր տնից իրեն պատասխանել են, թե շատ գեղեցիկ կահույք ունի: Նազարեթ Դանիելյանը պարզել է, որ իր տուն եւս ներխուժել են: Դեռ հայտնի չէ Քեսաբից տեղահանվածների թիվը, բայց Սիրիայի գյուղաքաղաքից արված կադրերում միայն ծխացող տներ ու շենքեր են»,-տեղեկացնում են ՀՅԴ մամլո դիվանից:

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումները հանկարծակիի են բերել տեղի խաղաղ բնակչությանը, որոնցից շատերը փրկվելու համար բռնել են Լաթաքիայի ճանապարհը: Շատերին զինյալ գրոհայինները նույնիսկ հանգիստ չէին թողել տեղահանվելիս: Բախումների արդյունքում Ալ Շաճարա տեղամասից տեղափոխվող Սթիվ Շեխուկյանին, օրինակ, ճանապարհին խոչընդոտել է մի մորուքավոր գեներալ, ով զինված էր: Երբ գեներալն իմացել է Սթիվի հայկական ծագման մասին` դանակ է պահել վերջինիս վրա եւ սպառնացել, որ կմորթի: Երբ կռիվը սաստկացել է` գեներալը փախուստի է դիմել: Սթիվն ազատվելով շղթաներից, կարողացել է հասնել այն վայրը, որտեղ ապաստանել էին քեսաբցիները:

Հայեր էլ կային, ովքեր ինչ-ինչ պատճառներով չէին կարողացել լքել սեփական տունը: Նրանցից մեկը Տիգրանուհի Մանճիկյանն էր, ով առողջական պայմաններից ելնելով մնաց Քեսաբում: Զինյալները սակայն մտել էին նրա տուն, խուզարկել, մարմնական վնասվածներ պատճառելով ու սպառնալիքներ հնչեցնելով ոսկեղեն եւ արժեքավոր իրեր էին պահանջել նրանից: