panorama.am – Սիրիահայ Անդրանիկ Վարդանեանը երկու երազանք ունի` ամուսնանալ, տեղափոխվել Արցախ և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներդնել սիրիահայերի բերած մշակույթն ու ներուժը:

Անդրանիկը առաջին սիրիահայերից էր, որ իրավիճակը սրվելուց հետո եկան Հայաստան:

«Ամենավերջին շաբաթներն էին հեշտ գալու: Մեր գալուց մի երկու ամիս անց արդեն թռիչքներ չկային: Գալը հեշտ էր, բարդ էր այն, որ առաջին սիրահայերից էինք, ովքեր եկան 2012-ին: Ոչ կառավարությունն էր տեղյակ ինչ պիտի լինի, ոչ էլ մենք էինք տեղյակ, թե ինչ պիտի անենք»,- պատմում է նա:

Մինչ Հայաստանում հաստատվելը հաճախ էին գալիս. «Բայց հաստատվել-մնալն ուրիշ է, որպես «զբոսաշրջիկ» գալը` ուրիշ»:

«Մայրիկս տեղացի է, հայրիկս հարս է տարել Սիրիա: Իր համար հարմարվելն էր բարդ: Բարդ է, որ գնաս Սիրիա, 16 տարի հարմարված ապրես ու նորից այստեղ հարմարվես: Հայրիկը 40 տարի ապրել է Սիրիայում: Իր համար ավելի դժվար է, աշխատանքի առումով` հատկապես: Այնտեղ իրեն բոլորը գիտեին, իսկ այստեղ, որ իր Հայրենիքն է, իրեն չգիտեն: Ավելի հետաքրքիր էր քրոջս վիճակը: Եկանք Հայաստան, ասում էր` «Սուրիա կուզեմ, Սուրիա կուզեմ»: Հիմա ժամանակ անցավ, դպրոց ընդունվեց, գնաց դաշնամուրի, ասում է` «Հոս լավ է»»:

Սիրիահայն իր միջավայրն է ամենից շատ կարոտում. «Երբ ընկերներով գնում էինք պինգ պոնգ խաղալու, կամ վավերագրական ֆիլմեր դիտելու: Տունը կարոտում եմ շատ: Այնտեղ մենք բալկոն ունեինք, որ այստեղ տների շատ մասը չունի կամ փակած է: Երեկոյան ընտանիքով նստում էինք դրսում, սուրճ էինք խմում, քաղցրավենիք ուտում»:

Երբ նոր էին եկել, Անդրանիկը ծախսեր չուներ, ոտքով էր գնում դպրոց, բայց ամռանը արձակուրդներին որոշում է աշխատել. «Դիմում գրեցի, որ որպես մատուցող աշխատեմ օդանավակայանում: Անգլերեն լավ գիտեի, զբոսաշրջիկների գալու շրջանն էր: Այդպես երկու և կես ամիս աշխատեցի: Հիմա սովորում և աշխատում եմ ՏՏ ոլորտի ընկերություններից մեկում»:

Սկզբում դժվար էր, որ ես «օտար» եմ

Անդրանիկի համար ամենախորթ բանը մարդկանց մռայլությունն էր:

« Տխուր են. նոր են արթնացել, բայց տխուր են: Սիրիայում արաբները ավելի խիստ դեմք ունեն, իսկ հայերը միշտ ժպտում են: Այստեղ առավոտյան որ նստում էի երթուղային, բոլորը աչքերը կյախ, տխուր… մինչև այսօր էլ նկատում եմ, չնայած արդեն երկու տարի Հայաստանում եմ»,- նշում է երիտասարդը:

Ամենաբարդը եղել է արևելահայերեն սովորելը, բայց հիմա արդեն լավ խոսում է:

Սիրիահայ երիտասարդի խոսքով, մեծ է ինտեգրման խնդիրը, մարդը չի գտնում իրեն. «Ոչ մեկին չգիտեի, մի քիչ դժվար էր իմ տեսակի մարդ գտնելը: Հիմա իմ մոտիկ ընկերներն ինձ այսպես են ներկայացնում` «Ծանոթացնեմ, Անդրանիկն է: Սիրիայից փախած, եկած է»:

Միշտ հումորային իրավիճակ են ստեղծում: Սկզբում դժվար էր, որ ես «օտար» եմ: Տարբերում են մարդկանց: Օրինակ, հիշում եմ, դպրոցում ինձ այսպես էին ներկայացնում` «այն հայրենասեր տղան»: Դա ինձ համար ավելի վիրավորական էր, քան որ ասեին` «այն սիրիահայը»: Որովհետև տեղային բաժանում Հայաստանի ներսում էլ կա, բայց որ ասում են այն հայրենասերը, իրավիճակ է ստեղծվում, որ մնացածը հայրենասեր չեն»:

Վերջին տարեդարձը` Հալեպում (Անդրանիկ Վարդանեանի անձնական արխիվից)

Ըստ նրա, ամենակարևոր բաներից մեկն այն է, որ սիրիահայը հասկանա` ինքը Սիրիայում չէ, Հայաստանում է: Հայաստանաբնակն էլ հասկանա, որ դիմացինը սիրիահայ է, հնարավոր է ինչ-որ բաներ անի, որին սովոր չէ սիրիահայը:

«Մարդիկ պետք է գիտացեն, որ սիրիահայերին չտարանջատեն: Եթե միմյանց օգնեն, հարցերն ավելի արագ կլուծվեն»,- ասում է նա:

Կանգառը` Հայրենիքում

Անդրանիկի մայրական կողմն Ապարանից է, հայրիկի կողմը` Սասունից. «Երկուսն էլ հիմնականում Սասունի և Մուշի խառնուրդ են: Սասունից շատ բարեկամներ ենք ունեցել, ում գտել ենք վերջին տարիներին: Մի մասը գնացել էր Սիրիա, մի մասը եկել Հայաստան, հետո գտանք իրար»:

Արևմտյան Հայաստանի արմատներով հայ երիտասարդը հայրենիքի մեկ այլ հատվածում է որոշել շարունակել կյանքը:
«Երբ նոր եկա Հայաստան, միշտ մտածում էի Երևանում չմնալու մասին: Հայաստանում լուրջ խնդիր է, ամեն ինչ կենտրոնացած է Երևանի վրա: Հետո մտածեցինք, որ ազատագրված տարածքներ կան: Կարելի է այդ տարածքներն օգտագործել: Ես ծրագրավորող եմ, ինձ համար կապ չունի, որտեղ կապրեմ, կարևորը պատվեր լինի: Ես կարող եմ Արցախի ինչ-որ գյուղում ապրել կամ Ստեփանակերտում: Իմ համար տեղը կապ չունի: Արցախում ավելի լավ է ապրելը, քան Երևանում: Մտածում եմ հաջորդ տարիներին ամուսնամ ու գնամ Արցախ»,- պատմում է նա:

Անդրանիկը մոտ երկու տարի առաջ է եղել Արցախում: Ամենից շատ Քարվաճառն է հավանել. «Քարվաճառում շատ հետաքրքիր բան կար: Ամառ էր: Նայում ես լեռանը` ներքևում կանաչ, մի քիչ վերև` դեղին, վերևում` սպիտակ: Կանաչ է, վրան դեղնած աշուն, վրան` սպիտակ ձյուն: Շատ հետաքրքիր է այդ լեռներում»:

Այն, որ Արցախն ապրում է փխրուն խաղաղության մեջ, Անդրանիկը լավ է գիտակցում:

Պատերազմը դեռ շարունակվում է, այն չի ավարտվել, ասում է նա. «Մենք ընդամենը զինադադարի մեջ ենք: Այն ամեն վայրկյան կարող է բռնկվել: Բայց եթե ասենք, որ պատերազմ է ու չգնանք Արցախ, նույն բանն է, որ պատերազմի ընթացքում ձեռք քաշենք: Դրա համար հիմա ավելի ճիշտ է գնանք Արցախ, այնտեղ հաստատվենք, զարգացնենք, որ միացնենք Հայաստանին: Դա կլինի առաջին զենք բռնելու ձևը: Շատ սիրիահայեր չեն առնչվել արցախյան պատերազմին և դա գլխավոր խնդիրներից մեկն է: Սիրիայում, երբ փոքր էի, ունեի ընկերներ, ովքեր գնում էին ծառայության: Իրենք ծառայում էին, իսկ կիրակի օրերը տանն էին, եթե Հալեպում էին բնակվում, ուրեմն մոտակա տարածքում էին ծառայում:

Սիրիայում բանակը սովորացնում է տղամարդ դառնալ, բայց ոչ զենք բռնել: Իսկ Հայաստանում և տղամարդ դառնալ է սովորեցնու, և զենք բռնել: Այստեղ ապրել ու չգնալ բանակ, կարծում եմ սխալ կլինի: Ես մեծ ցանկություն ունեմ գնալու, բայց ֆիզիկական խնդիրներ կան: Չնայած ես իմ ոլորտը տեղեկատվական տեխնոլոգիաներն եմ ընտրել ու կիբեր պատերազմում կդնեմ իմ լուման պատերազմի մեջ»:

Անդրանիկի` հայրենիքում ապրելու որոշումը հաստատ է. «Հայաստանից կարելի է գնալ մաքսիմում 6 ամսով` սովորելու կամ աշխատելու: Գնալ, դրսում մնալն անիմաստ է: Բոլոր թռչունները, երբ չվում են, վերադառնում են իրենց բույնը: Մարդը ուր էլ պտտվի, պիտի էլի գա Հայրենիք»: