tert.am – Սիրիահայերի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն այսօր հրավիրված ասուլիսին ասացին, թե սիրիահայերը Հայաստանում ավելի շատ բարոյական, քան ֆինանսական աջակցության խնդիր ունեն:

«Հալեպ» հայրենակցական բարեսիրական ՀԿ հիմնադիր անդամ Պերճ Քիրազեանն ասաց, թե սիրիահայերին պետք է օգնել ինտեգրման հարցերում:

«Մենք սովոր ենք, որ մենք կերտենք մեր բարեկեցությունը և հարգանք վայելենք»,- ասաց նա` ավելացնելով, թե Սիրիան եղել է այն կենտրոնը, որտեղից հայերի աշխատանքներն արտահանվել են այլ զարգացած երկրներ:

Պերճ Քիրազեանն ասաց, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ շուտով Հայաստանը Մաքսային միության անդամ է դառնալու, կարելի է լուրջ ուսումնասիրել սիրիահայերի հմտությունները և օգտագործել դրանք. «Ինչո՞ւ այսօր պետք չէ հաշվի նստել նրանց հետ, և Հայաստանն էլ դառնա այն կենտրոնը, որտեղից հնարավոր կլինի արտահանել սիրիահայերի աշխատանքը»:

Ծրագրավորող Անդրանիկ Վարդանեանն, ով արդեն երկու տարի Հայաստանում է, ասաց, թե սուտ է տարածված այն կարծիքը, որ Հայաստանում աշխատանք չկա: «Աշխատանք կա, պարզապես աշխատավարձն է քիչ: Սիրիայում մի տղամարդ աշխատելով պահում է հինգ հոգանոց ընտանիք: Հայաստանում դա հնարավոր չէ: Հայաստանում երկու հոգի պետք է աշխատի չորս հոգանոց ընտանիք պահելու համար»,- նշեց սիրիահայ ծրագրավորողը:

Անդրադառնալով խոսակցություններին, թե սիրիահայերը գնում են Հայաստանից և երկու տարի հետո Հայաստանում գրեթե սիրիահայ չի մնա, Անդրանիկ Վարդանեանն ասաց, որ այս պահին սիրիահայերի մեկ երրորդը գնում է դեպի Եվրոպա, բայց Եվրոպայի դռներն արդեն փակ են: «Իսկ նրանք, ովքեր մեծ ջանք են թափել և եկել Հայաստան, էլ ջանք չեն թափի Եվրոպա գնալու համար: Այնպես որ թյուր է կարծիքը, թե երկու տարի հետո Հայաստանում սիրիահայ չի մնա»,-նկատեց Անդրանիկ Վարդանեանը:

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի փոխնախագահ Ալեքսան Գարատանայանը, ով նույնպես մասնակցում էր ասուլիսին, ասաց, թե սիրիահայերն այստեղ Սփյուռքի նախարարությունից են օգնություն ու աջակցություն ստանում: Առողջապահական և իրավաբանական աջակցություն նույնպես ստանում են: Առաջնային են մնում աշխատանքի և բնակարանային խնդիրները: «Մենք ցանկություն ունենք Հայաստանից դուրս շուկա դուրս գանք: Սիրիայում առևտրի շուկան մեծ է: Հայաստանի շուկան փոքր է առևտրի համար»,- նշեց Ալեքսան Գարատանայանը: