panorama.am – Հալեպ, 2010:

Բազմահարկ շենքի տներից մեկի պատուհանից էլեկտրոնային կիթառի ձայն է լսվում: Հալեպահայ երաժիշտը Վարանդը փորձ է անում:

Կինը` Նանորը, ամուսնու և դստեր` Բարդիի համար նախաճաշ է պատրաստում:

Բարդին գնում է մանկապարտեզ, իսկ Վարանդը` աշխատանքի: Նանորը չի աշխատում, տանն է, տնային գործերն անելուց հետո հայագիտություն է ուսումնասիրում:

Հալեպահայ Վարանդը բացի երաժշտությունից այլ զբաղմունք էլ ունի, լուսանկարիչ է և գրաֆիկական դիզայներ. «Ես և լուսանկարչությունն եմ սիրում, և երաժշտությունը: Քրոջս ամուսինը նույնպես լուսանկարիչ է, իրենք Կատարում են ապրում: Նա ուզեց Սիրիայում խանութ բացել, այդպես 97 թվականից գործում է խանութը: Սովորեցի գործը և սիրեցի»:

Երաժշտությամբ Վարանդը զբաղվում է 93 թվականից, ռեստորաններում է նվագում, համերգներին. «Նաև հարսանիքներին եմ նվագում` հայկական, արաբական, պարսկական երգեր հիմնականում: Հայկական հարսանիքներին շատ են սիրում պարել Ձախ Հարութի, Թաթայի, Արման Հովհաննիսյանի երգերի տակ: Ես էլ դրանք եմ նվագում: Ժողովրդական երգեր էլ են շատ սիրում»:

Հայելպ, 2012:

Քաղաքի շրջակայքում ամիսներ տևած պատերազմը ներս թափանցեց:

«Մեծ պայթյուն եղավ, շատ մեծ: Աղջիկս դպրոցի մոտ էր, շատ վախեցա: Ամեն մեկն իր երեխայի մոտ էր վազում: Շատ մարդիկ մահացան»,- պատմում է Վարանդը:

Մի կողմից դիպուկահարերն են կրակում հասարակ մարդկանց վրա, մյուս կողմից կառավարությունն է վերևից խփում զինյալներին: Ուղղաթիռների ձայներ, ռումբերի պայթյուններ: Տների վրայով են անցնում: Վարանդի տան դիմացի տարածքում մի քանի ռումբեր են ընկնում, Բարդին շատ է վախենում:

Հայ երիտասարդներն անցնում են պաշտպանության. «Երիտասարդեր կան, որ ակումբների անդամ են` դաշնակ, հնչակ… կարևոր չէ, սկսեցին պաշտպանել հայկական թաղամասերը»:

Որոշ ժամանակ է անցնում, իրավիճակը բարդանում է: Տղերքն էլ չեն կարողանում շարունակել պաշտպանությունը, դիմացը զինված ու պատրաստված մարտիկներ են, հայ երիտասարդներ կան, որ դեռ նույնիսկ չեն ծառայել:

Հայկական շատ թաղամասեր դատարկված են…

Երևան, 2013:

Մեքենայի շարժիչի ձայնին զուգահեռ տաքսու նշանը կամաց ցնցվում է: Վարանդը պատրաստվում է աշխատանքի գնալ:

«Ի սկզբանե չէի որոշել տաքսիստ աշխատել: Նույնիսկ քաղաքը չգիտեի, ինչպե՞ս տաքսի վարեի: Լուսանկարչության ոլորտում շատ փնտրեցի, բայց հարմար գործ չկար: Կամ կար, աշխատավարձն էր շատ ցածր: Նույնը նաև երաժշտությունը: Գիտե՞ք, այստեղ մի քիչ ուրիշ սիստեմ է: Այնտեղ հարսանիքներին կիթառ էլ են նվագում, այստեղ այդպես չէ, ուրիշ են գործիքները: Մեկ-մեկ լինում է, որ նվագում եմ, հիմնականում բարեկամների հարսանիքներին: Միջոցառում է լինում, որ գնում, նկարում եմ: Վերջերս նշանդրեք նկարեցի: Հիմա Երևանում մի փաբ կա, չորեքշաբթի օրերին էլ երեկոյան այնտեղ եմ նվագում: Շատ դժվար է գործ փոխելը, բայց ապրել է պետք»,- ասում է հալեպահայը:

Վարանդ Պրուդյանի ընտանիքը Հայաստան եկավ 2012-ի սեպտեմբերին. «Ընտանիքս` կնոջս ու 6 տարեկան դստերս վերցրեցի ու եկանք: Որոշել էինք մնալ մեկ ամիս, բայց հետ չգնացինք. իրավիճակը սրվել էր»:

Սկզբում Վարանդը չէր կարողանում աշխատանք գտնել, կինը ավելի շուտ սկսեց աշխատել: Հիմա կինն աշխատում է կոշիկի խանութում, դուստրն արդեն առաջին դասարանում է սովորում:

«Սկզբում իմ ու կնոջս համար մի քիչ դժվար էր, դե ուր էլ գնայինք, այդպես էր լինելու: Ամեն ինչ զրոյից սկսելը դժվար է շատ, աշխարհի որ ծայրն էլ գնաս, այդպես է: Բայց հիմա ոչինչ, արդեն որ սկսել ենք աշխատել, կամացից կարգավորվում է, հուսով ենք, որ ավելի լավ կլինի»,- ասում է նա:

Հալեպ, 2014:

Քաղաքացիական պատերազմը Հալեպի նախկին փայլից ոչինչ չի թողել… շատ բան դժվար է ճանաչել:

Դարպասներ` որոնց հետևում բակում խաղացող երեխաների փոխարեն քանդված պատեր են: Փողոցներ, որոնք լցված չեն աշխատանքի շտապող մարդկանցով. այստեղ կյանքի հակառակ ուղղությամբ ապրելու պայքար է ձգվում:

Վարանդի տան դռները փակ են, տունը, բարեբախտաբար, կանգուն է: Հարազատներից այստեղ մնացել են Նանորի ծնողները: Նրանք և հարևանները պարբերաբար գալիս են, հետևում այն ամենակարևոր բանին, որն ամեն գիշեր երազում տեսնում է Երևանում ապաստանած ընտանիքը: Գիշերը տունը երազում են տեսնում, օրն ապրում` տան կարոտով:

Երևան 2014:

Բարդին Հայաստանը շատ է սիրում, շատ հեշտ է ընտելացել, արևելահայերեն արդեն հանգիստ խոսում է: Ապրում է տատիկի հետ, հայրենիքում է նաև Վարանդի եղբոր ընտանիքը:

Հայաստան եկել են առաջին անգամ, նախկինում հայրենի երկիրը սեփական աչքերով տեսնելու հնարավորություն չի եղել. «Մինչև գալս չէի մտածում, որ այսքան կսիրեմ Հայաստանը: Ճիշտ է` դժվարություններ կան, բայց որոշել ենք, մնալու ենք այստեղ: Լավ կլինի, պատերազմը ավարտվի Սիրիայում, գնանք մեր ունեցվածքը վաճառենք ու նորից հետ գանք այստեղ: Ժամանակն ամեն բան ցույց կտա, բայց այս պահին այսպես ենք մտածում»: